ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Նորություն չի, միշտ էլ լարված է եղել. հանրությունը` սահմանի լարված իրավիճակի մասին
04.09.2015
Ներկայում հասարակությանը հուզող հիմնական հարցը սահմանի լարված իրավիճակն է: Հակառակորդը սեպտեմբերի 1-ից գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Ինչի՞ կարող է հանգեցնել վերջին օրերի լարվածությունը:
Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախարար
Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է: Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդը սկսել է ականանետեր կիրառել։ Դրանք անպատասխան չեն մնում, պատժվում են: Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները: Իրավիճակը սահմանին վերահսկելի է:
Արկադի Տեր-Թադևոսյան, Արցախի հերոս, գեներալ-մայոր
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների չի վերածվի: Ադրբեջանի իշխանությունները սահմանին լարվածություն են ստեղծում հայ ժողովրդի մոտ խուճապ ու վախ առաջացնելու, իսկ ադրբեջանցիներին՝ իրենց բանակի ուժը ցույց տալու համար: Ադրբեջանի իշխանություններն այդ քայլին դիմում են ադրբեջանցի ազգին ցույց տալու համար, որ իրենք պատրաստ են պատերազմի: Սա նորություն չէ, նրանք միշտ էլ լարվածություն են ստեղծում սահմանին: Սա չի նշանակում, որ այդ ամենը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել:
Յոս Բունստրան, իսպանացի փորձագետը` News.am-ին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է Եվրոպայում պատերազմի և Հարավային Կովկասում անվտանգության ամենալուրջ սպառնալիքը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում որևէ նոր նախաձեռնությունների առաջարկ չի արվել՝ Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանին շուրջ նստեցնելու և հակամարտության լուծման համար միջազգային ջանքեր գործադրելու ուղղությամբ։ Միաժամանակ գլխավոր բանակցային ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբը, նոր խթան չի տվել: Լրացուցիչ և նոր ջանքեր են անհրաժեշտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ անդամները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) Ուկրաինայի պատճառով տարաձայնություններ ունեն։
«Հայկական ժամանակ» օրաթերթ
Այս գործողությունները մեկ հիմնական նպատակ ունեն. Հայաստանի սահմանամերձ գյուղերին հանգիստ կյանքի հնարավորություն չտալ, անընդհատ պահել ռազմական լարվածության մեջ, այդպիսով ռազմական լարվածության մեջ պահելով ողջ Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը։ Ի վերջո, սահմանամերձ գյուղերի գնդակոծումների, հրետակոծությունների մասին տեղեկատվությունը կայծակնային արագությամբ հասնում է Երևան և մեծ արձագանք գտնում հանրության շրջանում։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր