ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա կեղծելը շատ անգամ ավելի հեշտ է, քան անձնագիրը». քաղաքական գործիչները` նույնականացման քարտերի մասին
30.10.2015

Ձայների 81 կողմ, 16 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրինագիծը:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիները հանրաքվեին մասնակցելու հնարավորություն են ունենում նաև նույնականացման քարտերով, որի վրա դրոշմակնիք չի դրվելու:

Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար

Այդ քարտերի էությունն ամբողջ աշխարհում այն է, որ սրա մեջ տեղավորված են բոլոր ինֆորմացիաները: Սրա կեղծելը շատ անգամ ավելի հեշտ է, քան անձնագրի կեղծելը: Չգիտես ինչպես, 5000 ID քարտ ունեցողների թիվը հանկարծ դարձավ 182 հազար: Այս գաղտնիքն, այս թյուրիմացությունը կա՛մ բացեք, կա՛մ ասեք, որ սխալ եք արել, կա՛մ ասեք` որտեղի՞ց 182 հազար մարդ, որը ես չեմ հասկանում: Աշխարհում չեք գտնի որևէ երկիր, որի բնակչության 40%-ը երկրում չէ: Սա դժբախտություն է, բայց փաստ: Ի՞նչ ենք ուզում ձեզնից` ընդամենն ասում ենք` արդար անցկացրեք ձեր նախագիծը:
Իրանք տեսնում են, որ ՀՀ-ում «Ոչ»-ի մասսայական կողմնակիցներ են, «Այո» չկա, դրա համար էլ կեղծիքի լրացուցիչ հնարավորության են ձգտում: Խնդիրը միայն 182 հազարի մասին չէ, որ միայն նույնականացման քարտ ունեն: Խնդիրն այն է, որ կես միլիոն մարդ ՀՀ-ում ունի և անձնագիր, և նույնականացման քարտ ու տեսականորեն նրանք կարող են քվեարկել միայն քարտերով: Եթե իշխանությանն արդարության կողմնակից լիներ, ձևեր կգտներ: Էլեկտրոնային տարբերակով հեշտ է սարքել այնպես, որ մարդը քարտով քվեարկի ու ֆիքսվի, որ քվեարկել է:

Նիկոլ Փաշինյան, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր

Ինչպես բազմաթիվ ոլորտներում, անձնագրային ոլորտում ևս կատարյալ խառնաշփոթ է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա երեք տեսակի անձնագիր. մեկը սովորական անձնագիրն է, մյուսը` կեսնաչափականը, և երրորդը` նույնականացման քարտը, որն ըստ էության նույնպես անձնագիր է: Հայաստանի ընտրական համակարգը, սակայն, կառուցվել է բացառապես սովորական անձնագրերի վրա, որովհետև ընտրական օրենսդրությունը ելել է այն կանխավարկածից, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա անձնագիր: Բայց վերջին երկու տարիների ընթացքում ընտրական օրենսդրությունը ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որ քաղաքացուն հնարավորություն է տվել չունենալ անձնագիր և դրա փոխարեն ունենալ նույնականացման քարտ ու կեսաչափական անձնագիր, բայց մյուս կողմից օրենսդրությունը շարունակում է ընտրողներին հնարավորություն տալ բացառապես սովորական անձնագրերով, և արգելում է նույնականացման քարտերով և կենսաչափական անձնագրով քվեարկելը: Ու այս ամենի արդյունքում ՀՀ 184 կամ 182 հազար մարդ զրկվել է քվեարկելու իրավունքից:
էս իրավիճակն արդեն տեղով անեկդոտ ա, որովհետև էս իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքն ինչ ա անում և նույնիսկ ձախ ձեռքն էլ չգիտի՝ ինքն ինչ ա անում:

Լևոն Զուրաբյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար

Իշխանության առաջ դրված է ծանրագույն խնդիր՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում անցկացնել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման ծրագիրը: Բարդ է, քանի որ ժողովրդի կողմից կա անվստահություն: Իշխանությունն ունի ընտրակեղծարարության տարբեր աղբյուրներ՝ կաշառելը, տեղամասեր տեղափոխելը, կառուսելի կիրառմամբ քվեարկել ստիպելը և այլն: Մեղադրում են ժողովրդին կաշառվելու համար, բայց ի՞նչ կարող է անել խեղճ ժողովուրդը, երբ պետությունը, սերտաճելով կրիմինալի հետ, ճնշումներ է գործադրում: Նույնականացման քարտի կիրառությունը կնշանակի նոր դուռ՝ բազմակի քվեարկության, շրջիկ բրիգադների համար:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Պետք է հնարավորություն տալ ID քարտ ունեցող շուրջ 183 000 քաղաքացիներին` իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը: Այսօրվա ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ հնարավորություն է տալիս վերահսկելու ընտրական պրոցեսը թե՛ դիտորդներին, թե՛ հանձնաժողովի անդամներին, թե՛ վստահված անձանց: Եթե այս կամ այն քաղաքական ուժը չունի բավարար չափով վստահված անձ, որպեսզի վերահսկի ընտրական պրոցեսը, եթե քաղաքական ուժը չի վստահում վստահված անձին, դա իր խնդիրն է:

Հեղինե Բիշարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր

Ամիսներ առաջ՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Աբովյան, Ալավերդի, Արտաշատ քաղաքներում ID քարտով ընտրություններ են կատարվել ու դա այն դեպքում, երբ նույնականացման քարտի օրենքում նշված էր, որ դա պիտանի չէ ընտրական գործընթացներում...
176 հազար քաղաքացու մասին է խոսքը: 45 օրում կարող ենք բյուջեից նրանց ապահովել անձնագրեր, որովհետև չի կարելի ոտնահարել ընտրողի իրավունքները: Անձնագիր ունեցողին պարտադիր կնիք է դրվում, նույնականացման քարտով ընտրություն կատարողների դեպքում պարտադիր չենք համարում այս գործոնը: Անընդունելի է: Արդեն կարող ենք խոսել հանրաքվեն կասկածի տակ դնելու մասին:

«Հրապարակ» օրաթերթ

Մի խումբ պատգամավորների աչքից չէր վրիպել այն, որ նույնականացման քարտերի առնչությամբ քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ Աժ։ Աժ կանոնակարգ-օրենքի պահանջն է, որ նման քննարկումների ժամանակ կառավարությունն իր տեսակետը ևս հայտնի։
Նախորդ ուրբաթ՝ հարցն Աժ օրակարգ մտցնելուց առաջ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության կողմից որպես զեկուցող հանդես է եկել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետև օրենքն իրենց իրավասության «ներքո» է։ «Կառավարությունը չթողեց նա գա, որովհետև չեն ուզում կեղտոտվի, հեռու են պահում, նույնականացման քարտերի սաղ «կեղտը» կմնա Սահակյան Հովիկի վրա»,– արձանագրում են խորհրդարանական մեր աղբյուրները։
Հիշեցնենք՝ Հովհաննես Սահակյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր