ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արցախը ոչ մեկի գրպանում դրված չէ, որ վերցնեն ու ինչ-որ բան փոխանակեն». քաղաքական գործիչները` տարածքներ զիջելու լուրերի մասին
16.11.2015
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո ռուսական լրատվամիջոցները հրապարակումներ տարածեցին, թե ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է ազատագրված մի քանի տարածք Ադրբեջանին հանձնելու հարցը: Մինչ լրագրողները փորձում էին արտաքին գերատեսչությունից պարզաբանումներ ստանալ, ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն իր հայտարարությամբ իր շուրջը կենտրոնացրեց քննարկումները:
Լևոն Մարտիրոսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Լավրովի այցն աշխատանքային է եղել ու բնականաբար բազմաթիվ հարցեր կային քննարկելու: Թե ինչ են քննարկել, տեղյակ չեմ, բայց որ ԼՂ հակամարտությունը քննարկած կլինեն, բնական է: Այն տարբերակը, որ ասացիք, տարբերակներից մեկն է, ու մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնել, այդ թվում՝ ազատագրված տարածքներից որոշները հանձնելու Ադրբեջանին՝ կայուն ու երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար:

Աղասի Ենոքյան, քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որևէ կարգավորում լինի, ապա, այդ կարգավորումը պետք է ներառի տարածքների փոխանակություն, այլապես այլ բնույթի կարգավորում չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը չի պատկերացնում կարգավորման այլ սցենար։ Եթե հայկական կողմը պնդում է, որ տարածքների վերադարձ չի լինելու, դա նշանակում է` կարգավորում չի լինելու:


Հարցն այն է` արդյոք ներկայում ՌԴ-ն Հայաստանին կստիպի՞ գնալ նման կարգավորման։ Կարծում եմ` ՌԴ-ն տիրապետում է բավականաչափ լծակների ՀՀ-ում` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա ազդելու, որպեսզի կարողանա նման հարց պարտադրել ՀՀ-ին։ Հարցն այն է` ինչո՞ւ հիմա։
Ըստ իս` Ադրբեջան-ՌԴ շփումների բոլոր այլ խնդիրները սպառված են, և ՌԴ-ից Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղը։ Սա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը տեղեկատվական արտահոսքերն են, որոնք նպաստում են առաջին տարբերակով հակամարտության կարգավորմանը, այսինքն` աստիճանաբար հասարակությանը մոտեցնում են այն մտքին, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուն, և, այո, հենց Ռուսաստանի ձեռքով կլինի տարածքների վերադարձը։

Թևան Պողոսյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Արցախը ոչ մեկի գրպանում դրված չէ, որ վերցնեն ու ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել միայն մեզ կարող ենք, որ չկարողացանք լավ կռվել ու հաղթել նորից: Հուսամ, որ Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունը իսկապես լուրջ կընկալվի: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է Հայն է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:

Սեյրան Սարոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Բացառվում է, որ Հայաստանը տարածքային որևէ զիջման գնա և Ադրբեջանին տարածքներ տա: Փոխանակ առաջ էթանք, հե՞տ ենք էթում... Մեր «զադնի սկոռուստը» կոտրվել է, չի աշխատում, չկա:


ԼՂ հակամարտության կարգավորման հարցը փակուղում է. սենց հարցերը միշտ էլ երկար են տևում, սենց հարցերը վերջ չունեն… Որ ինձնով լինի, սաղ էլ կվերցնենք, Բաքուն էլ:

Վադիմ Դուբնով, վերլուծաբան

Տարածքների վերադարձի թեման քննարկվում է այն ժամանակից ի վեր, երբ դեռ բանակցային սեղանին չէին Մադրիդյան սկզբունքները, ապա՝ թարմացված Մադրիդյան սկզբունքները, և այլ: Սա շատ հին թեմա է, այն իրեն նույնիսկ հիշեցնում է «Կուպոլայի պլանը», որը ժամանակ առ ժամանակ իր երրորդ, չորրորդ կյանքն է ստանում։ Իրենց կենսունակությամբ այս երկուսը հավասարազոր են։ Չեմ կարծում, որ ՀՀ-ն լրջորեն կդիտարկի այս սցենարը։ Այն ոչ մի կերպ ձեռնտու չէ ՀՀ-ին և նույնիսկ` Ադրբեջանին, ուստի, ըստ իս, ՌԴ-ի կողմից սա գործելու իմիտացիա է պարզապես, որն իրականում միայն PR նպատակներից ելնելով է նման արտահոսքեր դնում շրջանառության մեջ: Կան շատ հարցեր` ընթացիկ, տեղական, շատ ավելի ակտուալ, քան Ղարաբաղն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր