ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հասարակական-քաղաքական գործիչները` Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին
04.12.2015
Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերություններին: Նա խոսել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու պատճառների, «Ոչ»-ի ճակատի առարկությունների մասին: Նկատենք, որ նախագահն այդպես էլ չի հստակեցրել՝ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ինչո՞վ է զբաղվելու 2018-ին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո՝ զբաղեցնելո՞ւ է վարչապետի, ԱԺ նախագահի կամ այլ պաշտոն:
Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբի նախագահ

Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչու է Սերժը կառավարելի և վերահսկելի հեռուստաալիքներին շահագործում իր էշը քշելու համար, սա նորություն չէ, սա հին ու պարապած հնարք է, հեչ որ բան չլինի, Բագիրով տեսած տղա է, պալիտբյուրո երազած, Բրեժնև փափագած բալա է մեծացել, էն մնացածը չհաշված, բա պտի բեմադրեր, պտի կանչեր, նստեցներ, ասուլիսի բեմադրություն սարքեր, չեմ ասում 12-ը հրաման էին կատարում, չեմ մտածում այդպես, նույնիսկ շատերը փորձում էին ու դեռ կփորձեն շեղբին խաղալ, հարցեր տալ, որոնք ասես կարևոր են, սուր են, բայց դե համ էլ այնպես, որ դինոզավրը չնեղանա, մի թեթև հղիության որակի հարցեր, կարևորը թողած իհարկե, շատ վիրտուոզ թվալու հարցեր, բա հո չէին հարցնելու` ե՞րբ ես բացահայտելու Մարտի մեկի մարդասպաններին, կամ` կա՞ երաշխիք, որ էս նոր թղթերով այլևս բանակը չես հանելու ցուցարարների վրա, եթե կա՝ ո՞րն է այդ երաշխիքը ..., թե չէ զանգելու էին խազեինին, ասեին, ապե՞ր, չջոկինք` էս ի՞նչ հարցեր է տալիս ժուռնալիստդ, պեռվի ռազ զամուժե՞մ, շտո լի... , էդ հեչ, բայց չեմ կարող չմտածել, որ իմ հարգելի ընկերներն ու հեռավոր գործընկներները չէին հասկանում` ինչ թնդանոթի միս են սարքելու իրենցից, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են իրենց պահելու այնտեղ:

Նիկոլ Փաշինյան, Աժ պատգամավոր

Պարզապես հետաքրքիր է իմանալ. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի գործողությունները համակարգու՞մ էր, թե՞ ղեկավարում:

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

Եթե գործող Սահմանադրության մեջ վտանգ եք տեսնում, որ «Ժառանգության» հաղթելու պարագայում Ղարաբաղի անկախության ճանաչման և Արևմտյան Հայաստանի հողերի պահանջը կարող են պատերազմի հանգեցնել, ապա հետաքրքիր է իմանալ՝ նոր Սահմանադրության պարագայում, եթե «Ժառանգությունը» հաղթի, մեծամասնություն կազմի և դնի նույն խնդիրները, ինչպե՞ս է կանխվելու հնարավոր պատերազմը:
Ես բերեցի այս օրինակը՝ ընգծելու հակառակը՝ ներկայիս Սահմանադրությունն է, որ կարող է նախագահի մատնանշած վտանգավոր իրավիճակը կանխել, որովհետև արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը բացառապես նախագահի իրավասություների մեջ են: Մի բան, որ նոր Սահմանադրությունում դրվում է վարչապետի և կառավարության վրա:

Արայիկ Հարությունյան, Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ

Ով ով, բայց Սերժը երբ խոսում է ընդդիմությանը մեծ լիազորություններ տալու մասին, մարդու մազերը բիզ- բիզ են կանգնում: Ուրեմն էս մարդը 1990-ականներից լինելով իշխանության մեջ, ընտրություններն ապականելով` ամեն ինչ արել է ընդդիմության հնարավորությունները սահմանափակելու համար, հիմա, վիձիծե լի, հասկացել է, որ սենց շարունակել չի կարելի, ընդդիմությունը պետք է ուժեղ լինի:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Էդ լոլոները, որ կարդում ես, մեկը չկար քեզ հարց տար, բա եթե էդքան ուժեղ կուսակցություն ես, ինչի՞ ես ընտրակաշառք բաժանում, ինչի՞ է ժողովուրդը զզվում քեզնից ու քո կուսակցությունից...
Էդ որ մեղդրում ես կուսակցություններին, որ հանձնաժողովներում չեն կարողանում անդամներ նշանակել, բա եթե հանձնաժողովի անդամներին ահաբեկում ես քո բաշիբոզուկներով, ո՞նց ես լուրջ դեմքով նման անմեղսունակ հարց բարձրացնում. կարող ա՞ գիտես պետք ա մահապարտների խումբ հավաքենք, որ քեզ ու ձեզ տրաքացնեն, որ պահեն իրանց ինքնասիրությունը...
Էդ որ խոսում ես կուսակցությունների թույլ լինելուց, բա պատասխանեիր լրագրողի հարցին, ու ասեիր թե ի՞նչ ֆինանսական միջոցներով են կուսակցությունները ուժեղանալու: Բիզնես դաշտն ահաբեկում եք ու ձեզ գերի պահում, բա ո՞նց են կուսակցություններն ուժեղանալու, ի՞նչ ֆինանսական միջոցներով....
Ու ամենակարևորը, ո՞վ է խոսում օտար մայրաքաղաքներում բողոքելուց... եվրոպական ու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իմ ներկայությամբ են հավաստել, որ դու ու քո կուսակցության բանագնացներն եք գնում իրանց մոտ, բամբասվում Ռուսաստանի ճնշումներից...Մի խոսքով քյանդրբազությունդ չանցավ:

Արմեն Աշոտյան, ԿԳ նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահի ասուլիսը, իհարկե, տվեց բազմաթիվ պատասխաններ, դառնալով ոչ միայն օրվա, այլ ողջ քարոզարշավի հիմնական իրադարձությունը:
Հնչեցին շիտակ և «անհարմար» հարցեր, սպառիչ հիմնավորումներ, ուղիղ խոսք:
Երկու հարց, այնուհանդերձ, ունեմ ես: Ինչու՞ է մեր ընդդիմախոսների մի մասը թողել ասուլիսի բովանդակությունը և սևեռվել ձևաչափի վրա:
Ինչպե՞ս կարելի է խախտել տարրական բարեկրթության, կոլեգիալության, լրագրողական համերաշխության սկզբունքները և անհիմն պիտակավորել ասուլիսին մասնակցած լրագրողներին և մեկնաբաններին:

Կիմա Եղիազարյան, լրագրող
Ակնհայտ է, որ մարդը վախենում է սեփական ժողովրդից...
Սերժ Սարգսյանը հիանալի գիտի, որ ժողովուրդը իրեն չի հավատում եւ չի վստահում: Հիանալի գիտի, որ իր խոսքը գրոշի արժեք չունի ժողովրդի շրջանում: Այդ պատճառով էլ սեփական քարոզիչների հետ է զրուցում (ավելորդ է ասել` նախապատրաստված հարցերի պարտադիր ձեւաչափով):
Սարգսյանի`անձամբ ժողովրդի հետ շփվելու մի քանի փորձերը ավարտվել են խայտառակ վերջաբանով, եւ ծաղրանկարների ու հեգնական մենաբանությունների հեղեղ է լցվել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում: Մնում են սեփական քարոզիչները, որոնք իրեն հարմար` անգիր արած հարցերը պետք է տան, եւ ինքն էլ պետք է պատասխանի: Բայց աբսուրդն այն է, որ այս բեմականացումն անգամ հրապարակվում կամ ցուցադրվում է «ծյունինգ անելուց» հետո միայն: Այսինքն` «գեներալնի փորձից» հետո էլ դեռ կասկածներ կան. հո իր տատին կամ խիյարին չի՞ հիշել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր