ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հայաստանը, թերևս, այն երկրներից է, որտեղ անգամ Մարդու իրավունքների պաշտպանն է անպաշտպան». կարծիքներ՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին
13.01.2016
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը քննարկումների թեմա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում: Տեսակետներ են հնչում, որ Պաշտպանի հրաժարականի պատճառը ճնշումներին չդիմանալն է եղել:
Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
Շատ եմ ափսոսում այդ հրաժարականի համար ու կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանը բավականին լավ էր իրականացնում իր ինստիտուտի գործունեությունը, և մենք նկատելի առաջխաղացում ունեինք այդ ոլորտում: Կարծում եմ, որ ինքը ճնշմանը չդիմացավ, ընկրկեց: Ցավում եմ դրա համար, մարդու իրավունքների պաշտպանը չպիտի ընկրկեր: Էս իշխանությունը կարծում է, թե մարդու իրավունքների պաշտպանն իր իրավունքների պաշտպանն է և բոլոր այն դեպքերում, երբ իշխանության իրավունքների պաշտպանությունը ստորադասվում է ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունից, անվայել ձևով հարձակվում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և անձամբ պաշտպանի վրա: Կարծում եմ, որ սա լուրջ հետընթաց է Հայաստանի հանրապետության ժողովրդավարական կառավարման ոլորտում: Շատ խիստ վրդովված եմ, նեղված:
Լարիսա Ալավերդյան, ՀՀ առաջին օմբուդսմեն
Ափսոսում եմ, որ հրաժարական է տվել: Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է զարգացել: Ես առաջինը չեմ, որ դա տեսել եմ, դուք բոլորդ ականատես եք եղել: Ես ափսոսում եմ, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել, պետք է ավելի դիմացկուն լինել այդ պաշտոնում: Զգացվում էր, բերում են նրան, որ անձը հրաժարական տա: Ինձ ժամանակին ասում էին՝ ձեր տեղը որ տղամարդ լինի, մի քանի անգամ ինֆարկտ կստանա: Չե՞ք հիշում իմ հանդեպ ինչեր էին անում, ես չեմ հիշում, որ երկրորդ կամ երրորդ մարդու իրավունքների պաշտպանների հանդեպ այդքան կոշտ ու կոպիտ վերաբերմունք լիներ, ինչպես դա եղել է իմ ժամանակ: Պարզապես պետք է գործը տաներ Կարեն Անդրեասյանը մինչև իր ժամանակի ավարտը: Ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց սա պետական բարձր պաշտոն է, և ես հրաժարական չէի տա:
Արշակ Սադոյան, Հանրային խորհրդի անդամ
Համոզված եմ, որ ՀՀԿ-ում այս հարցի հետ կապված պաշտոնապես քննարկումներ չեն եղել, սակայն դա չի նշանակում, որ ՀՀԿ ղեկավարությունը, անհատները, որոնք այդքան հզոր դիրքեր ունեն և նրանց ասածը բազմաթիվ քննարկումներից շատ ավելի մեծ կշիռ ունի, դա չքննարկեին: Բնականաբար, Հայաստանում որևէ մեկը հենց այնպես հրաժարական չի ներկայացնում: Նման կարևոր պաշտոնից հրաժարական տալու պատճառը բնական է պետք է կապված լինի հարաբերությունների հետ:
Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ
Ինձ համար ակնհայտ է, որ ինչ որ պատճառ եղել է, որ Կարեն Անդրեասյանը դուրս է եկել: Չգիտեմ՝ ՀՀԿ ո՞ր շրջանակներց, թե ի՞նչ պաշտոնյայի ցանկությունն է եղել, բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում անգամ մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները պաշտպանված չեն, էլ ուր մնաց քաղաքացիների և մյուսների: Սա լուրջ խնդիր է ու համակարգային, և այս բոլոր խնդիրները կապված են մի կետի հետ. երկրում համակարգային փոփոխություններ պետք է արվեն, այլ տարբերակ մենք չենք տեսնում
7or.am, լրատվական կայք

Պարզ է, որ նա դա արել է ոչ ֆորմալ ճնշումների արդյունքում, այսինքն՝ նա ոչ թե հրաժարվել է պաշտոնից, այլ «հրաժարեցրել են»։
ԱԺ–ում տեղի ունեցած հայտնի քննարկումներից հետո Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը մենակ է, և չունի լրատվամիջոցներ, որոնք կպաշտպանեն իրեն հայտնի շրջանակներից։
Դատելով իշխանական մամուլի որոշ հրապարակումներից՝ Անդրեասյանը հեռացավ ներիշխանական, ավելի ճիշտ՝ ներընտանեկան «ռազբորկայի» արդյունքում։ Թե ինչ ենթատեքստ ունի այդ «ռազբորկան», այլ հարց է։ Փաստն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը մնաց անպաշտպան ու իր համար նախատեսված լիազորությունների ժամկետից շուտ լքեց դիրքը։
Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիքի է Անդրեասյանի գործունեության մասին, պետք է մտահոգվի պետական համակարգում տիրող այս բարքերից։

Փայլակ Ֆահրադյան, լրագրող
ՀՀ-ը թերևս այն երկրներից է, որտեղ անգամ Մարդու իրավունքների պաշտպանն է անպաշտպան: Ցավում եմ, որ հրաժարական ներկայացրեց, մյուս կողմից էլ կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, մնալ մի համակարգում, լինել մի իշխանությունում, որը վաղուց ապացուցել է, որ իրեն բանիմաց և խելացի մասնագետներ պետք չեն, անհրաժեշտ չէր...
Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Ինձ համար անսպասելի էր այդ հրաժարականը, որովհետև ես դրա համար հիմքեր չէի տեսնում: Բնականաբար կարող են լինել անհամաձայնություններ՝ մարդու իրավունքների զեկույցի հետ կապված: Անհատ ՀՀԿ-ական պատգամավորներ իրենց անձնական կարծիքն են հայտնել՝ ելույթներ ունենալով, և ոչ թե խմբակցության կարծիքն են հայտնել:
ՄԻՊ-ի պոստն այն պոստն է, որտեղ ներկայացված անձը պետք է շատ ազատ լինի, պետք է լինի ժողովրդավարական անձնավորություն, ոչ մի գաղտնիք չպետք է պահի, և եթե կան նման խնդիրներ, ինքը պետք է արձագանքի: Ես կարող եմ ասել, որ նման երևույթ չի եղել: Դա պարզապես նախնական հրաժարական է, ինձ թվում է նա դեռ մտածելու ժամանակ ունի, և երկրորդ անգամ եթե կպնդի իր հրաժարականը, արդեն դա կդառնա քննարկման առարկա:
Որևէ խոսակցություն չի եղել, քննարկումներ չեն եղել ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ իշխանության ներսում, որևէ համաձայնություն չի եղել, դա Կարեն Անդրեասյանի անձնական որոշումն է եղել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր