ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+20 °C
Արձագանքներ` «Զվարթնոց» օդանավակայանի էստակադան ապամոնտաժելու թույլտվության վերաբերյալ
21.01.2016

«Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ մտահոգություններն ու քննադատությունները շատ են: Պատկան մարմինները հավաստիացնում են, որ այն սեյսմիկ առումով վտանգավոր է, մինչդեռ ճարտարապետները նշում են, որ դա չի համապատասխանում իրականությանը: Նրանց խոսքով` էստակադան 80%-ով նորմալ վիճակում է. թեև ունի վնասված մասեր, բայց դրանք կարելի է վերանորոգել և շահագործել:

Մկրտիչ Մինասյան, ՀՀ ճարտարապետների միության նախագահ

Խնդիրը նրանում է, որ մինչև ապամոնտաժման աշխատանքները, մենք պայմանվորվել էինք, որ ցանկացած որոշում համաձայնեցվի, քննարկվի մեզ հետ, եթե նույնիսկ նշված խնդիրը գոյություն ունի և առկա է ապամոնտաժման անհրաժեշտությունը, որից հետո նոր տարվեն համապատասխան աշխատանքներ: Խնդրի վերջնական լուծման համար պետք է պայմանագրում ամրագրված լինեն այդ բոլոր կետերը, ժամանակացույցը և այլն: Եթե, ասենք, էստակադան այդպիսի անմխիթար վիճակում է գտնվում, ապա պարտադիր պետք է ապամոնտաժվի, բայց ձեռք չտրվի մեծ կառույցին: Հարցը նրանում է, որ մենք նրանց հետ վերջնական եզրահանգման չեկանք, դրա համար հիմա մեզ անհանգստացնում է, որ այդ մասնակի քանդումը հետո կարող է բերել կլոր մասնաշենքի քանդման:

Անահիտ Թարխանյան, ճարտարապետ

Քաղաքապետարանի կողմից բազում հիմքեր են բերվել, որոնք ինձ համար անհասկանալի են. նույնն է, որ վերցնենք Այվազովսկու նկարները վառենք և համարենք, որ դա օրինական է:
Տարիներ շարունակ քննարկվում է քանդել հին օդանավակայանը քանդելու հարցը: Այն երկար տարիներ եղել է հայ ժողովրդի ազատ երթևեկելու և Հայաստանից ազատ դուրս գալու երաշխիքը: Առ այսօր Հայաստանը գտնվում է մասնակի շրջափակման մեջ, մենք ունենք ընդամենը 2 ճանապարհ` մեկը Վրաստանից, մյուսն Իրանից, որ կարող ենք դուրս գալ: Մնացած բոլոր ճանապարհները փակված են, և գոյություն ունեցող օդանավակայանը մեր դուրս գալու միակ երաշխիքն է: Այսօր օդանավակայանը մասնավոր բիզնես է, որը գտնվում է շատ հարցական վիճակում: Այս պահին մասնավորի ձեռքում գտնվող նոր կառույց օդանավակայանը մեծ վտանգ է պարունակում ժողովրդի համար: Ցանկացած րոպեին կարող է փակվել կամ վերավաճառվել: Եվ այդ դեպքում Հայաստանը չի ունենա իր երաշխիքը, չի ունենա հնարավորություն դուրս գալու շրջափակումից: Միակ տարբերակը մնում է հին օդանավակայանը, այդ պատճառով ես պնդում եմ, որ որևէ քանդում, որևէ փոփոխություն կապված հին օդանավակայանի հետ ընդունելի չէ: Հին օդանավակայնը պետք է պահել ու կոնսերվացնել:

Գրիգոր Ազիզյան, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն

2015-ին իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ էստակադան 80%-ով նորմալ վիճակում է. թեև ունի վնասված մասեր, բայց դրանք կարելի է վերանորոգել և շահագործել: Ի՞նչ կատարվեց մեկ տարում, որ դրա սեյսմիկ վիճակը դարձավ անթույլատրելի, և որոշվեց քանդել: Այս նոր սեյսմիկ եզրակացությունը կատարվել է սեփականատիրոջ հրավերով, մեր` Հայաստանի մասնագետներից մեկն է իրականացրել, չեմ ուզում վատաբանել, բայց ուզում եմ հասկանալ, ինչի՞ց ելնելով է որոշել, եթե մեկ տարի առաջ պատկերն այլ է եղել: Սեփականատերը նոր նախագծով որոշվել է քանդել արտաքին օղակը, սակայն սեյսմիկ անվտանգությունը վերականգնելն 8-10 անգամ ավելի քիչ գումար կարժենա, քան այն քանդելն ու փոխարենը նոր շենք կառուցելը:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Պահանջում եմ ՀՀ կառավարությունից հրապարակել կոնցեսիոն պայմանագրով այս շենքի պահպանության համար ամրագրված պարտավորությունները՝ ո՞ւմ վրա է դրված եղել, իսկ եթե որևէ մեկի վրա դրված չի եղել, ապա ինչո՞ւ: Ի՞նչ իրավասություններ են ամրագրվել կոնցեսիոների համար, որ նա առանց աչքը թարթելու կարող է բարբարոսաբար վերացնել ճարտարապետական հուշակոթողը:
Պահանջում եմ ՀՀ Մշակույթի նախարարից (լացս գալով)՝ շուտափույթ Զվարթնոց օդանավակայանի համալիրը ներառել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Պահանջում եմ Երևանի քաղաքապետից կասեցնել օղակաձև էստակադայի ու համալիրի որևէ մասը կազմող հատվածի ապամոնտաժման ցանկացած աշխատանք,
Պահանջում եմ Երևան քաղաքում տեղական հանրաքվե նշանակել շենքի ապամոնտաժման ու նրա ճակատագրի տնօրինման խնդրով:
Պահանջում եմ Ազգային ժողովից անհապաղ խորհրդարանական լսումներ հրավիրել այս հարցով:
Պահանջում եմ բացատրություններ տալ Երիտասարդական պալատի ավերմեն համար ու պատասխանատվության կանչել մեղավորներին: Թույլ չենք տալու Զվարթնոցն արժանացնեք նրա ճակատագրին:

Լևոն Թոքմաջյան, քանդակագործ
Մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, եթե առնեին, հաստատ բան չէին անի: Մենք չենք գնահատում մեր ունեցվածքը, դրա համար էլ հին Երևանից ոչինչ չի մնացել։ Պետք է «Զվարթնոց»-ի հին շենքը ապամոնտաժելուց առաջ լուրջ մասնագետների հետ շենքի շահագործման լուրջ նախագծեր մշակել։ Թող վերակառուցեն, ինչի՞ են ապամոնտաժում: Թող Էռնեկյանն իր խելքն օգտագործի և օդանավակայանի շենքի հետ կապված յուրահատուկ նախագիծ մշակի:
Հաղթանակ Շահումյան, գեղանկարիչ
Ամեն բան թողնվում է սեփականատերերի կամքին, իսկ իշխանությունն այսօրինակ հարցերում որևէ դերակատարություն չի ունենում։ Մենք մեր պատմությունը չպետք է ջնջենք։ Այնինչ շատ հեշտությամբ քանդեցինք Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, ուրիշ շատ այլ հին շենքեր՝ արմատախիլ անելով ամեն հինը: Բայց, ախր, հնարավոր է հինը պահպանելով՝ ստեղծել նորը:
Երևանի կերպարը վերջին տարիներին շատ է փոխվել։ Պատճառն այն է, որ մենք երբեք չենք գնահատել մեր ունեցածը և պարտադրողաբար շարունակում ենք անփութորեն աղավաղել մեր քաղաքի դեմքը:
Արբակ Վարդանյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ

Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի /էստակադա/ ապամոնտաժման թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսացել ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում տրված ծավալուն մասնագիտական եզրակացությունը, որում ամբողջացված են օդանավակայանի ակնադիտական, գործիքային հետազննության, օդանավակայանի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:
Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար /3-րդ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո:
Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար /2-դ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում:
Քննարկման առարկա դարձած` մեքենաների մուտքն ապահովող ճանապարհային ցանցի /էստակադայի/ տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, ոչ կրող տարրերինը` խարխուլ, ինչից ելնելով առաջարկվել է ապամոնտաժել այն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր հարթակներում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև ուղեկամրջի /էստակադայի/ մասնակի հատվածամասերի վերականգնման արդյունքում հնարավոր է շահագործել այն, ապա հարկ ենք համարում նշել, որ դրանք լոկ ակնադիտական ուսումնասիրման արդյունքում հնչեցված կարիծքներ են, որոնք չեն պարունակում նման եզրակացությունների համար պարտադիր պահանջվող նաև գործիքային հետազննության, տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժմանը, նշել էր, որ 2015-ին իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ էստակադան 80%-ով նորմալ վիճակում է, թեև ունի վնասված մասեր, բայց դրանք կարելի է վերանորոգել և շահագործել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր