ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գուցե համերգից հետո իշխանություններն սկսեն ուշադրություն դարձնել անօթևանների խնդրին». արձագանքներ` Տիգրան Համասյանի համերգից
29.02.2016

Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգը` Գյումրու անօթևանի տնակում, մեծ արձագանք գտավ ոչ միայն հայ հանրության շրջանում, այլև` ամբողջ աշխարհում: Համերգին և դրանից հետո շարունակվող ակցիայի ժամանակ նախաձեռնող երիտասարդներին հաջողվեց զգալի գումար հավաքել, որով նրանք պատրաստվում են բնակարաններ գնել անօթևան 13 ընտանիքի համար:


Բոլորը ողջունեցին ծնունդով գյումրեցի երաժիշտ Տիգրան Համասյանի քայլն ու շատերը միացան դրամահավաքին: Ոմանք էլ անօթևանների խնդիրը համարեցին համազգային խայտառակություն ու պետության կողմից անտարբերության արդյունք:

Տիգրան Համասյան, երաժիշտ

Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում:
Կարծում եմ՝ համերգից հետո իշխանությունները կսկսեն մի քիչ ուշադրություն դարձնել անօթևանության խնդրին, ու թեև ուշ է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք:

Միքայել եպիսկոպոս Աջապահյան, Շիրակի թեմի առաջնորդ

Ես ուրախ եմ մեր աշխարհահռչակ գյումրեցու համար, ուրախ եմ այս երիտասարդների համար, որոնք ոչ ստանդարտ մտածողություն ունեն, կաղապարված մտածողություն չունեն, ազատ մտածում են, ազատ գործում են և այդ ազատ գործելու սահմաններում ուզում են ինչ-որ լավ բան անել: Կարող է և պետք չգալ այս ամենը, բայց Տիգրան Համասյանն ինչ-որ մի ձևով օգտակար լինելու համար է անում:
Սա համազգային խայտառակություն է, համազգային ամոթ, իսկ համազգայինը դա իշխանություն չի նշանակում, չէ՞, դա նշանակում է համազգային, այսինքն` Հայաստան ու Սփյուռք, իշխանություն և ոչ իշխանություն, իշխանություն և ընդդիմություն, վերին խավ, ներքին խավ, բոլորս մեղավոր ենք այս համազգային խայտառակության համար, մենք էլ ենք մեղավոր:

Հայկ Մարության, դերասան

Տիգրան Համասյանը հրաշք համերգ տվեց` բացօթյա` դոմիկների հենց հարևանությամբ: Ընկերներս ուզում են 13 ընտանիք փրկել, որոնք անտանելի պայմաններում են ապրում 1988-ի երկրաշարժից հետո: Պետությունն այս մարդկանց լքել է:
Բայց մենք այդ իրավունքը չունենք` ժամանակն է գործել:

Սաքո Արյան, գրող

Շատ մեծ գործ արեց Տիգրան Համասյանը, և սա հրավեր է մեր բոլոր գլամուրային ու ոչ գլամուրային աստղերին, որ երբեմն հիշեն այս քաղաքը և այս ժողովրդին: Փորձեն հանել նրանց տխրությունն ու նոր կյանքի հույս տան:
Վստահ եմ, որ համատեղ ուժերով խնդիրը հաղթահարել հնարավոր է, քանի որ շենացրել ենք այնպիսի քաղաքներ, որոնք ժամանակին եղել են ցեխոտ, անմարդաբնակ վայրեր, անապատներ: Այսօր մենք կարիք ունենք մեր ներքին ուժը հավաքելու ու Գյումրին ոտքի հանելու: Մենք ամեն օր պետք է մտածենք այդ մասին և կարծում եմ, որ միջոցներն էլ ունենք՝ ևʹ նյութական, ևʹ բարոյական, մեզ պակասում է կամքը, որ միայն քաղաքական չէ, այլ նաև մարդկային կամք, որոշում, մեր խորքից եկող որոշում:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Տիգրան Համասյանին ասենք մի հատ էլ համերգ տա՝ «Պետությունը մեռել է, վույ-լե-լե, վույ-լե-լե»: Ազգովի ընկած հիվանդ երեխու, բուժման կարոտ զինվորի համար փող ենք հավաքում, աղետի գոտին վերացնելու համար հավաքում ենք, աղքատ ու սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար հավաքում ենք, սահմանին ապրող հայրենակիցների համար. սա այլ կերպ, քան «պետությունը մեռել է, թաղող չկա» չես անվանի.... Ամոթ ձեզ, ամոթ: Կոստյումները հագեք, փողկապները կապեք, ճոխ միջոցառումներ արեք, ձեր տեղն էլ հասարակությունը պահի խոցելի մարդկանց էլ, ձեզ էլ՝ սիրուհիներով ու սիրեկաններով հանդերձ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր