ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ընտրական օրենսգրքերը չեն եղել պատճառը, որ մեզանում ընտրություններ են կեղծվել». արձագանքներ` ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ
23.03.2016

Այս օրերին խորհրդարանում քննարկումներ են ընթանում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որին մասնակցում են ինչպես պատգամավորներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սպասվում է, որ նախագծի քննարկումը կընդգրկվի առաջիկա քառօրյայում:

Զարուհի Փոստանջյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Ընտրական նոր օրենսգիրքն ըստ էության հայտարարություն է այն մասին, որ իշխանությունները չեն ցանկանում անցկացնել ընտրություններ: Հակառակ դեպքում նման փաստաթուղթը չէր մշակվի միայն իրենց կողմից, առանց քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու և հրապարակային քննարկումներ անցկացնելու, ու գաղտնի չէր հասնի մինչև Վենետիկի հանձնաժողով: Քաղաքական ընդդիմադիր ուժերն ունեն ինչ-որ չափով միասնական մոտեցում, որ ստորագրված ցուցակները հրապարակվեն, ընտրատեղամասերը նկարահանվեն և հեռարձակվեն, որն օրենքով ամրագրված պահանջ պետք է լինի։

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Այս տարիներին Ընտրական օրենսգրքերը չեն եղել պատճառը, որ մեզանում ընտրություններ են կեղծվել: Կեղծիքները լինում են տարբեր մեխանիզմներ օգտագործելով: Վարչական լծակներ, թաղային հեղինակություններ և մեխանիզմներ օգտագործելով՝ կորզում են ձայներ և այստեղ Ընտրական օրենսգիրքը որևէ կապ չունի: Նախորդ ընտրությունները և հանրաքվեն ցույց են տվել, որ լրագրողներն իրենց առաքելությունը կատարելով, ավելորդ աչքերի դեր են կատարում և խոչընդոտում են այն կեղածարարների աշխատանքը, ովքեր փորձում են մաքսիմալ ձայներ կորզել:
Պետք է հավատարմագրման ինստիտուտ ներդրվի, և եթե լրատվամիջոցն ուզում է աշխատել, պետք է հավատարմագրվի ընտրական հանձնաժողովում: Բացի այս առաջարկից մենք պահանջում ենք նաև, որ տարանջատեն լրագրողներին և դիտորդներին, պետք չէ նրանց խառնել իրար հետ և մեկ ընդհանուր թիվ ներկայացնել:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Այն, որ իշխանությունների կողմից պարբերաբար, անկախ իշխանության անվանումից, ընտարկեղծիքները եղել են որպես հիմնական գործելակերպ, դա նորություն չի: Ընտրական օրենսգրքով չի պայմանավորված ընտրակեղծիքների փաստը կամ ընտրակեղծիքների հնարավորությունը: Մենք Ընտրական օրեսգիրքը դիտարկում ենք այն տեսակետից, թե արդյոք` ելնելով ընտրակեղծարարության մեր «հարուստ փորձից», ԸՕ-ն հնարավորություն տալի՞ս է արձանագրելու, բացահայտելու, կանխելու այն, և երկրորդ` հասնելու նրան, որ ընտրակեղծիք կատարած անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն: Այ սա´ է ԸՕ-ի հիմնական իմաստն ու բովանդակությունը, և այս տեսակետից, այդ հնարավորությունների տեսակետից ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ ընտրական նոր օրենսգիրքը մի քանի քայլ նույնիսկ հետ է գործող ԸՕ-ի համեմատ:


Փոփոխված ԸՕ-ով ավելի են նվազում և սահմանափակվում հասարակական վերահսկողության կողմից խախտումների բացահայտման, կանխման գործիքները: Սա է հիմնական մտահոգող խնդիրը: Թե չէ` իշխանությունները հո Ընտրական օրենսգրքո՞վ չեն խախտումներ անում:

Տիգրան Մուկուչյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Ընտրությունների ժամանակ, իրականում, լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններ էին գալիս նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից: Համենայնդեպս, այն դեռևս նախագիծ է միայն, և քննարկման փուլը հենց այն փուլն է, որի ընթացքում պետք է ներկայացվեն առաջարկություններ և փոփոխություններ լինեն:


Ընտրական օրենսգիրքն ամրագրել է բազմաթիվ հնարավորություններ` ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար: Ինչ վերաբերում է վիճելի դրույթներին, ապա այժմ քննարկումներ են ընթանում:

Արամ Սարգսյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ

Այն ունի բազում թերություններ, վիճելի դրույթներ և մի շարք վտանգներ է իրենից ներկայացնում: Կարծում եմ՝ առավել վտանգավորը երկրորդ ցուցակն է` տարածքայինը, քվեարկության նախատեսվող վարկանիշային համակարգը փաստացի փոխարինում է մեծամասնական համակարգին:


Այդ համակարգով ավելացնում ենք փող բաժանելու, ընտրակաշառք բաժանելու սկզբունքը: Եթե այս ճանապարհից չհրաժարվեն, կնշանակի, որ խորհրդարանում որակական փոփոխություն չի լինելու և մականունավոր պատգամավորների թիվը ոչ թե պակասելու է, այլ՝ ավելանալու:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող
Շուտով կմասնակցենք «4+4+4»՝ 4 անձ իշխանությունից, 4-ն՝ ընդդիմությունից, 4-ը՝ քաղաքացիական հասարակությունից ձևաչափով քննարկմանը: 5 պահանջներ ենք ներկայացնելու, այդ պահանջներն են` ստորագրված ցուցակների հրապարակում, մաքրում՝ վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում, պարզ համապետական – համամասնական ցուցակ՝ առանց ռեյտինգայինի, մատնահետքերի թանաքոտում: Փորձելու են կիրառել ամեն միջոց, որպեսզի իրենց առաջարկած փոփոխություններն ամբողջությամբ տեղ գտնեն Ընտրական նոր օրենսգրքում:
Դեկտեմբերի 6-ից հետո բազմաթից դիտորդներ, լրագրողներ արձանագրում են բազմաթիվ խախտումներ, այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են սահմանափակել ընտրական կեղծիքներ հայտնաբերելու քաղաքացիական հասարակության և ընդդիմության հնարավորությունները: Կարծում եմ՝ նախագծի վերջնական տարբերակում կհանվի այդ կետը, այստեղ վտանգավորը ոչ թե թվի սահմանափակման հարցն է, այլ այն, որ լրագրողներին հանձնաժողովի անդամը կարող է դուրս հրավիրել:
Լևոն Բարսեղյան, Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար
Բազմաթիվ կետեր կան, որոնց հետ մենք համաձայն չենք, բայց տարբեր քննարկումների արդյունքում դրանք նվազեցրել ենք և առանձնացրել ամենակարևորները, որոնք ԱԺ-ում բարձրաձայնելու ենք: Առաջին կետն ընտրացուցակների հրապարակման հետ է կապված: Ընտրացուցակների հրապարակման հարցերը սերտորեն կապված են ընտրակեղծարարության հետ: Այսօր բոլոր միջոցները` բանավիճելու, վիճելու, քննարկելու, քննադատելու, պետք է օգտագործենք և հասնենք փոփոխությունների: Իշխանությունը մշտապես ցույց է տալիս, որ իր նպատակը ոչ թե ազատ, արդար ընտրությունների անցկացումն է, այլ վերարտադրությունը: Հիմա այս նախագիծը միտված է դրան:
Այս պահին մենք նաև քննարկումներ ենք անցկացնում այդ թեմայով, թե որոնք են լինելու մեր հետագա քայլերը: Բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք, բոլոր հնարավոր օրինական և բարոյական միջոցները մենք ներդնելու ենք, որպեսզի իշխանություններն ազդվեն: Չենք բացառում նաև, որ կլինեն հանրահավաքներ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր