ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ, իսկ մենք 80-ականների զենքով ենք կռվում». արձագանքում է հանրությունը
11.04.2016

Վերլուծելով շփման գծում անցած օրերի իրադարձությունները` հասարակության շրջանում զարմանքն ու մտահոգությունը դեռ շարունակվում է, թե ինչու է հայ բանակն այսօր կռվում է 80-ականների զենքով, կամ զինվորի մահվան պատճառ է հանդիսանում այն, որ առաջնագծում փամփուշտները վերջացել են:


Շատերը հպարտանում են, որ հայ զինվորներին հաջողվել է որսորդական հրացանով անօդաչու սարք ոչնչացնել, ոմանք էլ գտնում են, որ ժամանակն է լրջանալու, հավաքվելու ու սթափվելու, և այս օրհասական ժամանակներում ազգովի լուծել այս հարցերը:

Արմեն Մովսիսյան, երգահան

Սկզբում ինձ թվաց, թե ինչ-որ բան սխալ հասկացա, հետո լսեցի երկրորդ անգամ, սարսափեցի, այդ ասում է Հայաստանի Հանրապետության նախագահը` մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Ով գիտի` ի՞նչ է նշանակում 80-ականների սովետի զենքը: Պատմեմ իմ անձնական բանակային փորձից: Մարտական տագնապի ժամանակ տանկային դիվիզիայի տանկերի 20% բոքսերից դուրս չէին գալիս, հաջորդ 20% արշավի առաջին մի քանի կիլոմետրերին խափանվում էին: Այսինքն առանց մարտի մեջ մտնելու սովետական զրահատեխնիկայի 40% արդեն ջարդոն էր: Հեռավոր 83-ին էր սա, ու դուք հպարտությամբ նշում եք, որ նման զինատեսակներով է սպառազինված մեր բանակը 33 տարի հետո՞, ու զինվորը քաջությամբ իր կյանքի գնով կարողացավ ի չիք դնել… Հայ զինվորին խորին խոնհարումս, միշտ, թե 90-ականներին, թե այսօր, իսկ ձեր անելիքը ինչո՞ւմն է կայանում, որպես Գրագույնի, արյունով հողը պահող զինվորին մատակարարել 80-ականների ջարդոն ու տասնամյակներով խաբել սեփական ժողովրդին:
Ես էլի կհասկանաի, ինչ-որ տեղ կընդունեի բացատրությունները, որ աղքատ երկիր ենք, եթե տեսանելի տիրույթում չտեսնեի այն ցոփ ու շվայտ ապրող տեսակը, որը ձեր ամենաթողությամբ ու հովանավորչությամբ սեփականացրել է Հայ ժողովրդի ազգային հարստության մեծ մասը ու հարստացել նաև Հայկական բանակին փաստացի թալանով: Այն խորհրդարան կոչվող կույտով, որը փաստորեն բացարձակ կապ չունի Հայրենիքի լինելիության հարցին ու հլու մեծամասնությամբ երկիրը ու բանակը տարել է այս խայտառակ վիճակին: Ինչպես կանվանեք նրան, ով փախել է թշնամական երկիր, ու վարկաբեկում է իր Հայրենիքը, այո դավաճան, իսկ նա ով ապրելով Հայրենիքում յուրացրել, կլանացրել, ու աղքատացրել է Հայրենիքը ու ամենակարևորը լինելով պատասխանատու` ոչինչ չի արել սեփական բանակի ամրապնդման համար բացի հպարտանալուց անցյալ դարի սպառազինությամբ ու հայ զինվորի այրամբ վճարված զինադատարի, ոչ խաղաղության համար, ո՞վ է նա: Օրհասական ժամանակներ են գալիս, հայրենիքը վտանգի մեջ է, մենք իրականում անպատրաստ: Այո, ազգովի պետք է լծվել ու լուծել այս հարցերը:

Զարեհ Սինանյան, Գլենդելի նախկին քաղաքապետ

Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում՝ մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրն այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում:
Կամ հպարտանում ենք, որ որսորդական հրացանով իբր թե անօդաչու սարք ենք խփել: Լրջանալու ժամանակը շուտ է եկել: Այս պատերազմը և այն իրականությունը ռազմակաճակատում, որ իրենց բոլորին հայտնի է, և մեզ էլ է հայտնի, թող բոլորիս սթափեցնի և զարթուցիչի դեր խաղա:

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Ես ուզում եմ պատասխաններ լսել՝ իսկ ինչո՞ւ մենք չենք գնում ժամանակակից զինտեխնիկա և անընդհատ լսում ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես միշտ իմացել եմ, որ մեր հասարակությունը, մենք վատ ենք ապրում, որովհետև մեր պետությունը մեծ գումարներ է ծախսում բանակի վրա: Եվ ինձ համար շատ տհաճ բացահայտում էին ՀՀ նախագահի ասածները Գերմանիայում, կանցլերի հետ ասուլիսի ժամանակ, որ մենք 80-ականների զենքով ենք մարտնչում: Բա այդ ահռելի գումարներն ո՞ւր են գնում:
Ինչների՞ս է պետք պաշտպանության նախարարության նոր համալիրը, այդ շենքը, եթե մեր զենքը հին է: Պատերազմող երկիր ենք ու մեր թշնամին Ադրբեջանն է, և երբ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գնում է 21-րդ դարի զինտեխնիկա, իշխանությունն իրավունք չուներ կառուցելու պաշտպանության նախարարության նոր համալիր, իր գեներալների համար գնել թանկարժեք ծառայողական մեքենաներ:


Թող գեներալներն ու այլ պաշտոնյաններն էլ 80-ականների մեքենաններով լինեն: Թող «Վոլգայով» լինեն, թող նստեին Աշտարակի ճանապարհին պաշտպանության նախարարության նախկին շենքում, ի՞նչ վատ շենք էր, իսկ այդ գումարների հաշվին էլ իսրայելական անօդաչուներ գնեին, ռուսական բարձրակարգ զենք գնեին: Ինչո՞ւ մեր զինվորները պետք է T 72-ով մարտնչեն T 90 տանկերի դեմ, ինչո՞ւ:

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Հաղթել ենք ոչ թե զենքով, այլ ոգով: Եթե մենք կարողանում ենք հաղթել 80-ականների զենքով, ուրեմն, մեր ոգին անսասան է: Որևէ զենք, զինանոց ոգու հետ չի կարող պատերազմել:

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ խմբակցության ղեկավար

Թշնամուն պարտադրված խաղաղությունն ապացուցում է, որ մարտունակությամբ նրան չենք զիջում: Կռվել ենք 80-ականների զենքով, բայց զինանոցում ավելին ունենք:


Եթե պատերազմը շարունակվեր, կանցնեինք այլ զինատեսակների օգտագործմանը, որոնք միանշանակ, 88-ին, 90-ականներին չենք ունեցել, ու տարբերվում են այն տարիներին մեր ունեցածից:

«Հայկական ժամանակ» օրաթերթ

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանը կռվում է 80-ականների զենքով, մեծ արձագանք է գտել հայ հասարակության շրջանում։ Այնպես չէ, ու սա սխալ տեղեկատվություն է։
Հայաստանն իրոք կռվում է 80-ականների զենքերով։ Ու բնական հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ 80-ականների զենքերով։ Հնարավորություն չունե՞նք արդյոք ունենալ ավելի ժամանակակից, ավելի արդիական զինտեխնիկա, որպեսզի մեր զինվորները ստիպված չլինեն հակառակորդի ունեցած տեխնիկական առավելությունը չեզոքացնել միայն իրենց ոգու, խիզախության ու անձնազոհության հաշվին։
Մեզ տարիներով ուզում են համոզել, որ Հայաստանը աղքատ երկիր է, մենք նավթ չունենք և այլն, և այսպես շարունակ։ Ճի՞շտ են արդյոք այդ պնդումները։ Դա հասկանալու համար մի փոքրիկ շրջայց կատարենք տարբեր զինատեսակների վիրտուալ շուկայում։
Աշխարհում որպես շատ լավ տանկի համբավ ունի ռուսական արտադրության T-90-ը։ Շուկայական գինը 1.7 միլիոն դոլար է։ Պաշտոնական տվյալներով մենք չունենք այդ տանկից, իսկ Ադրբեջանն ունի։ Եթե մի 50 հատ T-90 լիներ, Ադրբեջանի առավելությունը էականորեն կնվազեր։ Այդ առավելությունը գրեթե չեզոքացնելու համար, ուրեմն, մեզ պետք Է 85 միլիոն դոլար։

Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, մեր զինվորներն այսօր ադրբեջանական ժամանակակից զինուժի դեմ ստիպված են կռվել 80-ականների զենքով, և այդ մասին էլ Սերժ Սարգսյանը բացեիբաց հայտարարում է ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայում։ Այն նախանձախնդրության, որ մեր իշխանությունները ցուցաբերում են իրենց աթոռները պահելու հարցում, տասը տոկոսը ցուցաբերեին մեր պաշտպանության նկատմամբ, համոզված եմ, որ մենք շատ քիչ զոհեր կունենայինք:

Արսեն Բաբայան, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

Պրիմիտիվ եմ համարում այն քննադատությունը, թե այս կռվին մասնակցելով 80-ականների զինամթերքով, նշանակում է չունենք ավելի նոր ու ժամանակակից զինտեխնիկա։ Երբևէ չեմ իջնում պրիմիտիվության որևէ աստիճանի, սակայն տեսնելով տարածվող դիլետանտիզմը, հարկ եմ համարում նկատել․ եթե որևէ մեկը սարերն ու ձերերը, որոնք ցեխով են լիքը, հաղթահարում են 80-ականների Նիվայով, ապա դա չի նշանակում, թե ավտոտնակում չեն կարող ունենալ կամ չունեն վերջին սերնդի Մերսեդես։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր