Ընտրություններն արտացոլում են ԱՄՆ ժողովրդի քաղաքական ցանկությունները: Որևէ մեկը կասկած չունի, որ դրանք օրինական են եղել, որ դրանք արդար են և այլն, դա միանշանակ է: Ուրիշ բան, որ քաղաքագետների մեծ մասի համար, դատելով նրանց վերլուծություններից, դա անսպասելի էր:
Այս ամենը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ժողովրդավարական երկիր: Որևէ մեկի մտքով չի անցնում, որ կառավարող կուսակցությունը՝ դեմոկրատների նախագահը, ինչ-որ ձևով միջամտեր ընտրություններին: Սա ամերիկյան ժողովրդի հաղթանակն է, բայց աշխարհի համար ի՞նչ հետևանքներ կունենա, մի փոքր պետք է սպասենք, երբ Թրամփն ավելի կհստակեցնի իր արտաքին քաղաքական գիծը:
ԱՄՆ-ն այն երկիրն է, որի նախագահն ինչքան էլ օրիգինալ մարդ լինի, խաղի կանոնները կհարգի: ԱՄՆ-ում տիրող համակարգն իր ազդեցությունը կունենա Թրամփի քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, այո՛, Թրամփը կարող է անսպասելի քայլեր անել՝ օրինակ կապված Մերձավոր Արևելքի հետ: Ես չեմ կարծում, որ նա հրամայի, որ դադարեցնեն ակտիվ միջամտությունը այդ երկրների կյանքում: Չեմ բացառում նաև, որ հակված կլինի Չինաստանի հետ ոչ թե հակադրության գնալ, այլ հակառակը՝ բարելավելու: Սակայն, եվրոպական երկրների համար, Դոնալդ Թրամփի ընտրությունը խնդիր է, քանի որ նա հակված չէ աշխատել ԵՄ-ի հետ: Այստեղ տարբեր խաղացողների համար կան տարբեր վտանգներ՝ Թրամփը առանձնահատուկ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ին, իսկ մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեծ մասը ԱՄՆ-ն է տալիս:
ԱՄՆ նախընտրական ու ընտրական պրոցեսները ցույց տվեցին, որ ԱՄՆ քաղաքական էստաբլիշմենթն իր վատագույն շրջանն է անցնում 21-րդ դարում: Քաղաքացիները հոգնել են ստեղծված իրավիճակից և այս ընտրություններով ամրագրեցին, որ քաղաքական էլիտան բավականին հեռացել է իրենցից:
Մեծամասնությունը նախընտրեց ռասիստ ու ֆաշիստ, միլիարդատեր Թրամփին ու դրանով ապտակեց քաղաքական ողջ դաշտին:
Իմ համար ԱՄՆ թեկնածուներից հոգեհարազատը Բըրնի Սանդերսն էր, ով չդարձավ դեմոկրատների թեկնածուն:
Եթե նայենք մեր տեսանկյունից` թե Քլինտոնը, թե Թրամփը Հայաստանի համար ցանկալի թեկնածուներ չէին, երկուսն էլ մեր թշնամիների բարեկամներն էին, իսկ Թրամփի հարաբերությունները և թուրք-ադրբեջանական, և ռուսական կողմի հետ շատ լավ են, որը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար: Մի հայտնի խոսք կա. երբ շան ու կատվի մեջ դաշինք է ձևավորվում, ապա դա ուղղված է խոհարարի դեմ: Էնպես որ ռուս-թուրքական տանդեմի դեմն առնող ԱՄՆ-ն միգուցե թուլացնի իր դիրքերը ու դա վատ կլինի հենց մեր համար:
Ամեն դեպքում ԱՄՆ-ն այն երկիրն է, որ ընտրութուններն արտացոլում են երկրի քաղաքացիների շահերը, մենք պետք է մտածենք մեր երկրի մասին: Մեր երկրիը շարունակում է ղեկավարվել ՀՀԿ կողմից, մեզ առաջնայինը պետք է սա հուզի:
Շատ զարմանալի է հայաստանցի որոշ հանրապետականների ոգևորությունը ամերիկացի հանրապետականի հաղթանակի կապակցությամբ... Իրողությունն այն է, որ Ամերիկայում գոնե նախագահի մակարդակով տեղի ունեցավ իշխանափոխություն... Տարոսը Հայաստանին...
Իսկ ինձ թվում է` կապ չունի, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, քանզի այստեղ գործում է համակարգ ու արդեն հաշված է ամեն քայլ մոտակա 10-15 տարիների համար: