ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ամուսնու ծնողներին «մամա-պապա» ասելն այլևս չգրված օրենք չէ
14.10.2013
Հնում հարսը խոսելու իրավունք չի ունեցել ոչ սկեսուրի, ոչ էլ առավել ևս` սկեսրայրի հետ: Հետզհետե կոտրվեցին ավանդույթները ու մեծապես բարելավվեց հարսի կարգավիճակը ամուսնու ընտանիքում: Կանայք ամուսնու ծնողների հետ խոսելու իրավունք ստացան, սակայն ամուսնու ծնողներին պետք է դիմեին այնպես, ինչպես իրենց ծնողներին:
21-րդ դարում այս ավանդույթը զգալիորեն զիջել է իր դիրքերը, այժմ ոչ բոլոր նորահարսերն են իրենց սկեսուր- սկեսրայրներին դիմում «մամա-պապա» դիմելաձևով: Լուսիկ Ագուլեցին ամուսնությունից հետո պարտադիր է համարում, որ հարսը ամուսնու ծնողներին դիմի «մամայով ու պապայով», նրա կարծիքը բոլորը չէ, որ կիսում են:
Անի, 25 տարեկան
Եթե ես ամուսնանամ, ամուսնուս ծնողներին երբեք մայրիկ կամ հայրիկով չեմ դիմի, որովհետև նրանք ինչքան էլ բարի, ջերմ ու հոգատար լինեն, երբեք իմ ծնողը չեն դառնա, իմ ծնողին չեն փոխարինի: Ես մեծ հաճույքով նրանց կդիմեմ անունով, իսկ եթե նրանք այդ տարբերակին դեմ լինեն, ապա տիկին և պարոն դիմելաձևը գոնե պիտի ընդունեն՝ հարգելով իմ որոշումն ու իմ սկզբունքները:
Վարդուհի, 22 տարեկան
Ես առանց դժվարանալու ամուսնուս ծնողներին «մամա-պապա» կասեի, սակայն եթե իմանամ, որ դա նրանց դուր չի գալիս, կդիմեմ այն տարբերակով, որն իրենց դուր կգա: Նաև շատ կուզեի նրանց իրենց անուններով դիմել, որովհետև այդպես դիմելը ավելի անմիջական ու մտերմիկ մթնոլորտ է ստեղծում: Տանել չեմ կարող, երբ դիմում են խիստ պաշտոնական՝ «տիկին» կամ «պարոն»: Կարծում եմ` դա օտարացնում է ու շատ պաշտոնական է: Իմ ապագա ամուսինը հակված չէ, որ իր ծնողներին դիմեմ ավանդական եղանակով, սակայն դեմ էլ չի լինի:
Լիլիթ, 26 տարեկան
Եթե այլընտրանք չկա և ամուսինդ ու նրա ընտանիքը պնդում են, որ «մամա-պապայով» դիմեն իրենց, ապա պետք է դիմել, սակայն մեկ է` դա կստացվի իմիջայլոց և ոչ սրտանց: Ուստի ես չեմ խրախուսում, և եթե ես ապագայում դառնամ սկեսուր, ապա չեմ ուզի, որ ինձ «մամա» ասեն:
Արմինե, 46 տարեկան
Երբ ես ամուսնացա, ամուսնուս ծնողներն արդեն մահացել էին, ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Բայց հիմա ունեմ չափահաս որդի, և սարերի ետևում չէ այն օրը, երբ հարս կունենամ, և հարսս էլ կկանգնի այդ խնդրի առջև, Իսկ ինձ համար ցավալի կլինի: Ուստի լավ է դիմի այնպես, ինչպես իրեն հարմար է, քան թե տհաճությամբ ասի` «մամա»:
Ի վերջո, ես կարևորում եմ մարդկային հարաբերությունները, քան թե դրանց ձևական կողմը: Ինձ թող հարգի սիրի, իր «մամա» ասելը ինձ պետք չէ:
Ռուզան, 29 տարեկան
Եթե ամուսնանամ, ապա մեծ սիրով ամուսնուս ծնողներին կանվանեմ «մամա և պապա», որովհետև այդպես է ընդունված, ես չեմ կաշկանդվում, դա կուրախացնի նաև իմ ամուսնուն: Կտրականապես դեմ եմ, որ իմ ամուսինը իմ ծնողներին նույն կերպ դիմի, ցանկալի է, որ ասի զոքանչ մայրիկ, աներ հայրիկ:
Գրետա, 72 տարեկան
Ես ամուսնուս ծնողներին դիմել եմ «հայրիկ» և «մայրիկ»: Երբ մեծ թոռնուհիս` աղջկաս աղջիկն ամուսնացավ, բացարձակապես հրաժարվում էր սկեսուր-սկեսրայրին «մամա-պապա» ասելուց: Դա ինձ ու աղջկաս համար մեծ դարդ էր, գյուղում մեզ մատով ցույց կտային: Զանգում էինք, համոզում, բարկանում, բայց նա մնաց իր ասածին, դեռ աղջկաս էլ ասաց, որ մաման մեկն է լինում, եթե ուրիշին մամա ասի, ուրեմն իրեն չպիտի ասի: Հետո երկրորդ թոռնուհիս ամուսնացավ, նա էլ չասաց, ես էլ քիչ-քիչ համակերպվեցի, ճարս ինչ:
Բայց իմ երկու աղջիկներն էլ ասել են, շատ ավանդապահ ընտանիքներ են կազմել:
Ռուբեն Պողոսյան, հոգեբան
Ամուսնու ծնողներին «հայր» և «մայր» անվանելը ունեցել է մեկ նպատակ` մեղմացնել հարսի մուտքը նոր ընտանիք: Նախկինում մերձսևծովյան երկրների ավանդական ընտանիքներում, որտեղ տարբեր սերունդներ ընտանիքներով ապրում էին մի հարկի տակ, երեխայի խնամքը հավասարապես բաշխված է եղել տան բոլոր հարսների վրա, մեկը մյուսի երեխային կերակրել է, կենսաբանական մայրը այնքան էլ չի առանձնացել հոգատարություն ու խնամք տվող մյուս կանանցից: Այս ավանդույթը նաև պահպանվել է, երբ աղջիկը նոր ընտանիք հարս է գնացել: Նպաստել է նաև ամուսնու ծնողների նետ մի հարկի տակ ապրելու հանգամանքը:
Հիմա ամեն ինչ ավելի ռացիոնալիզացված է, շատ նորաստեղծ ընտանիքներ առանձին են ապրում, ամուսնու ընտանիքի հետ մերձենալու խնդիրը այդքան սուր չէ դրված և սկեսուր-սկեսրայրին ավելի շատ անունով են դիմում, քան «մամա-պապա»-ով:
Իսկ եթե, այնուամենայնիվ, աղջիկն ավանդապահ ընտանիք է հարս գնացել և նրան պարտադրում են այդ «մամա-պապա»-ն, ապա հարկադրված դիմելաձևը կարող է հանգեցնել ներքին բախման, հակասությունների: Հատկապես շատ ծանր են տանում այն աղջիկները, որոնց համար իրենց ծնողները եղել են անթերի իդեալներ, և ուրիշին մայր կամ հայր անվանելը նրանք դիտում են որպես դավաճանություն:
Իմ ընտանիքում ևʹ հարսներն են սկեսուր-սկեսրայրին մայր ու հայր անվանել, ևʹ փեսաները` իրենց զոքանչ-աներներին:
Անուշ, 26 տարեկան
Մինչև ամուսնանալս էլ ես կտրուկ որոշել էի, որ ամուսնուս ծնողներին, որքան էլ սիրեմ, ու հարգեմ, «մամա-պապա» դիմել չեմ կարող: Ես դա մեծագույն դավաճանությունն եմ համարում կյանքում, ինչպե՞ս կարելի է ուրիշ կնոջ (ինչքան էլ ուզում է սիրի քեզ հոգատար լինի, լավ վերաբերի) ասել «մամա»: Մաման նա է, ով 9 ամիս քեզ իր ներսում է պահել, քեզ ցավով լույս աշխարհ է բերել, կերակրել, սիրել, գուրգուրել, բարկացել, ներել, խրատել... Ինձ շատ ասում են, թե «հա դու ասա, ձևական կողմը պահի, մեկ է հո քո իսկական մաման չդառա՞վ»: Իսկ ես դեմ եմ ցանկացած ձևականության, մանավանդ` մարդկային հարաբերություններում: Իմ շրջապատում քիչ չեն մարդիկ, ովքեր ձևական ու անսիրտ «մամա» են ասում, բայց նրանից հեռու «բողոքի գիրքն» են բացում: Իմ սկեսուրն աշխարհի ամենալավ սկեսուրներից մեկն է, ես 5 տարի է` նրա որդու կինն եմ, նրա թոռնուհու մայրը, մենք շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք, բայց, միևնույն է` նա իմ մայրը չէ:
Ամուսինս ինձ բնավ չի ստիպել, ստիպել են տատիկս ու մայրս, որքան էլ տարօրինակ է: Սակայն մնացել եմ անդրդվելի, իսկ սկեսուրիս ասում եմ «երեխայիս լեզվով»` Ասիա տատիկ:
Եթե իմ աղջիկը, ով հիմա 4 տարեկան է, ինձնից բացի ուրիշ մեկին ասի «մամա», թող համարի, որ ես էլ իր մայրը չեմ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր