ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Վերգետնյա «գլուխգործոց» անցման՝ «գլուխկոտրուկ» կարծիքները
06.12.2013
Երևանի քաղաքապետարանի կողմից Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում կառուցված վերգետնյա անցումը, որը ընդամենը 50 սանտիմետր հեռավորություն ունի բնակելի շենքից, կարող է դառնալ Երևան քաղաքի նորագույն պատմության առանցքային դրվագներից մեկը: Այն դժգոհության հերթական ալիքը բարձրացրեց տեղի բնակիչների շրջանում: Բողոքի հիմքում ընկած էր հարակից բնակելի շենքում ապրող սեփականատերերի իրավունքների ոտնահարման փաստը. հարցականի տակ դրվեց ոչ միայն բնակիչների անվտանգության, այլև՝ լուսավորության և այլ հարցեր: Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ արձագանքել են բնակիչների բողոքներին, ճաղապատել են բնակարանների պատուհաններն ու պատշգամբների դռները` համարելով, որ դրանով լուծել են բնակիչների անվտանգության խնդիրը:
Ներկայացնում ենք ՄԱՄՈՒԼ.am լրատվականի ուղարկած հարցերն ու ստացված պատասխանները:
Հարցը հետևյալն էր` խնդրում ենք պատասխանել այն հարցին, որ եթե նշված հասցեում բնակվեին Երևանի հարգարժան քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները, ապա ինպիսի՞ն կլիներ նրանց տեսակետը Բագրատունյաց-Արտաշիսյան վերգետնյա անցումը կառուցելու վերաբերյալ:
Արթուր Գևորգյան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ի պատասխան Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում կառուցվող վերգետնյա անցման վերաբերյալ ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ շինարարության առնչությամբ հարակից շենքերի որոշ բնակիչների մտահոգության հետ կապված հարցերը կարգավորվել են և բնակիչները բավարարված են կառուցապատման վերաբերյալ շինարարների կողմից իրենց ներկայացված պարզաբանումներից: Այդ մասին, ի դեպ, վերջինները հանդես են եկել նաև ԶԼՄ-ներով: Ինչ վերաբերում է ձեր հարցման երկրորդ մասին, ապա տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր, այնպես էլ տվյալ վերգետնյա անցումի կառուցումը բխում է երևանցիների անվտանգության շահերից և իրականացվում է` պահպանելով շինարարության համար պահանջվող օրենքով սահմանված բոլոր չափանիշները:
Տիգրան Ուրիխանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցություն
ԲՀԿ խմբակցությունն այդ հարցի շուրջ առանձին քննարկում չի կազմակերպել, բայց ելնելով այն հանգամանքից, որ հարցը վերաբերում է բնակիչներին` պատասխանեմ, որ նշված հասցեում բնակվող շենքի բնակիչների շահերից բխող որոշում ընդունելուց բացի այլ տեսակետ չի կարող լինել: Դա կապ չունի այդ շենքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, կամ խմբակցության անդամները, կամ նրանց մերձավորները բնակվում են, թե ոչ:
Լրատվական ծառայություն, ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն
Ի պատասխան Ձեր՝ «Ժառանգություն» խմբակցությանն ուղղված էլեկտրոնային հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ եթե նշված գործողություններն իրականացվում են
բնակիչների անվտանգությունը հաշվի չառնելով, ապա քաղաքապետարանի նման գործողությունները անօրինական են:
Աշխատակցուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցություն
Տեղեկացրել ենք նամակի մասին խմբակցության ղեկավարին, բայց Գալուստ Սահակյանն ասել է` դա ի՞նչ հարց է, որ մենք էլ պատասխանենք:
ԱԺ ՀՅԴ խմբակցություն
Այստեղ կարող էր լինել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատասխանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցություն
Այստեղ կարող էր լինել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատասխանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցություն
Այստեղ կարող էր լինել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատասխանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր