ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի շուրջ կրքերը լարված են
12.02.2014
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:
ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին
Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով վճար կատարողին ազդելու կուտակային կենսաթոշակների չափի վրա` սույն օրենքով սահմանված կարգով ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:

Հոդված 1.
Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի (այսուհետ` կուտակային բաղադրիչ) կառուցվածքը, կուտակային բաղադրիչի կառավարման գործընթացը և դրա կառավարմանը ներգրավված պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի, հաշվի օպերատորների գործառույթները, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին պարտադիր և կամավորության սկզբունքով միանալու իրավունք ունեցող ֆիզիկական անձանց շրջանակը, կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, կենսաթոշակային կուտակային հաշիվների վարումը և կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը, կուտակային կենսաթոշակների տեսակները և դրանց վճարումը, մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորման կառուցակարգերը, պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար, ինչպես նաև կարգավորում է կուտակային կենսաթոշակների հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն oրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) անուիտետ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
4) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) բազային եկամուտ` աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ վճարումներ, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, որը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է հարկվող եկամուտ.
6) երաշխիքային ֆոնդ` սույն օրենքի համաձայն` ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ, որի տնօրինման և կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից պարբերական եկամուտ ստացող ֆիզիկական անձ, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող.
8) ծրագրային վճար՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման հաշվին ամսական կտրվածքով սահմանված կարգով մասնակցին տրամադրվող գումար.
9) կամավոր կուտակային կենսաթոշակ՝ կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայով վճարվող լրացուցիչ կենսաթոշակ.
10) կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով կենսաթոշակային ֆոնդի (կենսաթոշակային ֆոնդի կառավարչի), ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանված պայմանների և ընթացակարգերի ամբողջություն, որը ներառում է կուտակային վճարների կատարման կարգը, ժամկետը, ինչպես նաև կամավոր կուտակային կենսաթոշակների հաշվարկման ու վճարման պայմանները, ժամկետը և կարգը.
11) կամուրջ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնում բացված հատուկ գանձապետական հաշիվ, որին մուտքագրվում են պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կատարվող կուտակային վճարները` հետագայում մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու նպատակով.
12) կենսաթոշակային գաղտնիք՝ պարտադիր կամ կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցության հետ կապված գործատուին, պետական լիազոր մարմիններին, Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին, հաշվի օպերատորին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին մասնակցի կենսաթոշակային հաշվի, մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների վերաբերյալ հայտնի դարձած որևէ տեղեկությունը, մասնակցի առևտրային, ապահովագրական, բանկային կամ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև մասնակցի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել, և գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին.
13) կենսաթոշակային (կուտակային) հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի (պարտադիր կուտակային բաղադրիչ) կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կամավոր կուտակային բաղադրիչ) մոտ բացված անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդերի փայերը: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի կենսաթոշակային հաշիվը պարունակում է տեղեկություններ կենսաթոշակային ֆոնդի մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, տվյալ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների վերաբերյալ.
14) կենսաթոշակային տարիք՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք.
15) կենսաթոշակային ֆոնդ՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
16) կենսաթոշակային ֆոնդի ակտիվներ՝ մասնակիցների օգտին (համար) վճարված կուտակային վճարների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումար.
17) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ.
18) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
19) «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեմա՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով բանկերի կողմից առաջարկվող կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար բացված ավանդային հաշվում վճարները կատարվում են կուտակային կենսաթոշակի պայմանագրի համաձայն, ավանդադրված միջոցները բանկը կառավարում է իր ռիսկով և մասնակցի կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո ավանդի մայր գումարի և կուտակված տոկոսների հաշվին վճարում է պարբերական կամ միանվագ վճարների տեսքով կենսաթոշակներ.
20) կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի և(կամ) այլ անձի (այդ թվում` պետության) կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճար.
21) հաշվի օպերատոր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություն, որը միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները.
22) հիմնական կենսաթոշակ` ըստ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
23) մասնակից՝ ֆիզիկական անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր կամ կամավոր միացել է կուտակային բաղադրիչին և կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով ձեռք է բերում (ձեռք է բերել) կենսաթոշակային ֆոնդի փայեր, կնքել է պայմանագիր ապահովագրական ընկերության հետ կամ կնքել է կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագիր առևտրային բանկի հետ կամ ստանում է սույն օրենքով սահմանված պարտադիր կամ կամավոր կենսաթոշակ.
24) մասնակիցների ռեեստր` մասնակիցների և նրանց պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է պետության սեփականությունը.
25) մասնակիցների ռեեստրը վարող՝ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ.
26) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
27) պահառու՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ.
28) պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում մասնակցին սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.
29) «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կուտակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրից և կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը կախված չէ կատարված կուտակային վճարների չափից և այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից.
30) «Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կուտակային վճարները հաշվարկվում են իրենց բազային եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որևէ այլ կանոնավոր հիմքով, իսկ կենսաթոշակի չափը կախված է կատարված կուտակային վճարներից և այդ վճարների ներդրումից ստացված եկամուտների չափից.
31) սոցիալական քարտ՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քարտ.
32) փոխկապակցված անձինք՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի:
Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

Հոդված 3.
Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կարգավորող օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն oրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ oրենքներով և իրավական ակտերով: Այլ օրենքների դրույթները տարածվում են սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

Հոդված 4.
Կուտակային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրները

1. Կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային վճարների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին:
Ռուբեն Բաբայան, Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար
Իմ ղեկավարած թատրոնի դերասանները դեռ չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդերը, որոնց պիտի փոխանցում կատարվի: Մենք հիմա կուտակում ենք այդ գումարը, բայց չենք փոխանցում: Սպասում ենք մարտի 28-ի ՍԴ որոշմանը: ՍԴ-ն ընդունել է կիսատ-պռատ որոշում, չի մեկնաբանում այն, որի հետևանքով պետական մի քանի կառույցներ գործում են չհամակարգված:
Արտակ Դավթյան, ՀՀԿ-ական պատգամավո
Օրենքի ժամանակավոր կասեցման վերաբերյալ որոշումը ճիշտ չի ընկալել հանրությունը: Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է տույժեր և տուգանքներ չկիրառելուն: Եթե գործատուներին ստիպում են իրենց աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձից պահումներ անել, իրավունքների խախտում արձանագրած անձը կարող է դիմել դատարան:
Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն» կուսակցություն
Սահմանադրական դատարանը հերթական անգամ մտել է քաղաքական կեղտոտ խաղի մեջ. օրենքի ժամանակավոր կասեցումը չի կայացվել՝ արդար դատավարության սկզբունքը հաշվի առնելով:
Հասկանալով, որ ոչ իշխանական չորս ուժերի հայտարարություններն իշխանափոխությանն են առնչվում (իսկ ժողովուրդը դա օր առաջ է տեսնում), ՍԴ-ն այս օրենքով ժամանակ է շահում: Ես վստահ եմ՝ մարտի 28-ին ՍԴ-ն անվավեր չի ճանաչի օրենքը:
Սարգիս, օգտատեր
Լավ էլ կկուտակեք, վերջում էլ կասեք՝ լավ էլ կուտակել ենք, հիմա եկել է ավարը կիսելու ժամանակը.... Չեմ հասկանում, թե այդ որ մի խելոքն է նման հիմարության հեղինակն ու հաստատողը...
Հրանտ Բագրատյան, ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները։ Հետագայում, ԱԺ-ում քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ)։ Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել կառավարությունը։ Սահմանադրական դատարանը, կարծում եմ, չեղյալ է հայտարարելու այս «ռեֆորմը»։ Այնքան ճչացող է հիմարությունը։ Բայց ափսոս է այս հիմարությունը։ Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի։ Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում։ Սա ռեկորդ է։ Երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա։ Իսկ գուցե կ՞ա։ Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք։ Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր