ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Արցախն ազատագրած Ժիրայր Սեֆիլյանն ու Պավլիկ Մանուկյանը բանտում են, իսկ պատերազմի ժամանակ գյուղում կեղծ կոնյակ քաշող Հովիկ Աբրահամյանը` վարչապետ». Տիգրան Խզմալյան
08.04.2015
Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունը շարունակվում է քննարկվել, և շատերի համար դեռ մնում է «անհասկանալի» և դատապարտելի: Ոմանց կարծիքով` ձերբակալությունը փաստում է հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների վախի ահագնության հասնող չափը, ոմանք էլ այն համոզմանն են, որ մեր երկրում իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում:
Վահան Բադասյան, ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր
Սպասելի էր, որ այսպես պետք է վարվեն, Ժիրայր Սեֆիլյանը սպասում էր սրան. Հայաստանի ընդդիմադիր դաշտում ընդդիմություն չկա, ընդդիմադիր դաշտում ռեալ մնացել է միայն Հիմնադիր խորհրդարանը, որի հետ օրենքից դուրս ինչպես ուզում են, այնպես էլ վարվում են: Ռեժիմը ոչ թե խուճապի մեջ է, այլ հոգեվարքի, որովհետև ռեժիմը չունի ընդդիմություն, այդ տեսակետից ռեժիմը շատ ուժեղ է, բայց արի ու տես, որ ռեժիմի հոգեվարքի պատճառը երկրի տնտեսական շատ վատ վիճակն է։
Ունենք իշխանություն, որը երկրի ինքնիշխանությունը հանձնել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, և սա փաստ է, որովհետև մեր երկրի ողջ եկամուտները հիմա հոսում են դեպի Ռուսաստանի բյուջե, այսպես կոչված՝ Մաքսային միություն, մենք զրկված ենք եկամուտներից, զրկված ենք արտադրություն կազմակերպելու հնարավորությունից, և այս տեսակետից ռեժիմը և Հայաստանի իշխանությունները հոգեվարքի մեջ են:
Զարուհի Փոստանջյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Սերժ Սարգսյանը վախեցած է, դրա համար է նման քայլերի դիմում, բայց պետք է ավելի շատ վախենա Կադաֆիի ու Յանուկովիչի ճակատագրին չարժանանալուց:
Գագիկ Մելիքյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Կարծում եմ` այն վարքագիծը, որ դրսևորում էր Հիմնադիր խորհրդարանն իր ղեկավարի հետ միասին, նման վերաբերմունքի պետք է վաղ թե ուշ արժանանար. հակաժողովրդական հայտարարություններ անելը, հակապետական հայտարարություններ անելը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները խաթարելը և այլն: Համոզված եմ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն այս գործողությունները կգնահատեն որպես դրական քայլ:
Ես չեմ համարում, որ ինչ-որ շարժում է ստեղծվել, ես կարծում եմ, որ արկածախնդիրների մի խումբ կա, որոնք փորձում են այն, ինչ հանրապետությունում դրականը կատարվում է` խեղաթյուրել դա: Եվ ես կարծում եմ, որ արտաքին ֆինանսավորումներ կան, որովհետև այդ միջոցառումները, որոնք իրականացնում են, դա չի բխում մեր ժողովրդի ընդհանուր ցանկությունից: Այն հայտարարությունները, որոնք հնչում են Հիմնադիր խորհրդարանի կողմից, ավելի շատ համահունչ է թուրք-ադրբեջանական քաղաքական գործիչների կողմից կատարվող հայտարարությունների բնույթին:
Վահան Բաբայան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում: Մեր երկիրն այն վիճակում չէ, որ հնարավոր լինի առանց որևէ պատճառի որևէ բան անել: Եթե կա խնդիր, եկեք սպասենք ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ, իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի:
Կարծում եմ` Հիմնադիր խորհրդարանի անդամների հանդեպ քաղաքական հետապնդում չկա։
Լևոն Զուրաբյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունները քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման հերթական դեպքն են: Եʹվ այս տարվա հունվարին Բերձորում ՀԽ-ի ավտոշարասյան վրա կատարված հարձակումը ևʹ մարտի 28-ին Գյումրիում ՀԽ անդամին դանակահարելու դեպքը. ակնհայտ է, որ այս դեպքերը քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների նույն նույն շղթայի օղակներն են:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Պատկերացեք, որ Թուրքիայում սկսվեն զանգվածային ձերբակալություններ այն մարդկանց հանդեպ, ովքեր մտադիր են ապրիլի 24-ին փողոց դուրս գալ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչերով: Մարդկանց այդ խմբերն արդեն իսկ հայտարարել են իրենց մտադրության մասին: Քանի որ թուրքական իշխանություններն այդ օրը հայտարարել են Գալիպոլիի տոնահանդեսի միջոցառումների մասին, և մեծ թվով հյուրեր են սպասվում արտաշխարհից, նրանք, հետևելով ՀՀ իշխանությունների օրինակին, պետք է զանգվածային ձերբակալություններ սկսեն Հայոց ցեղասպանությունը բարձրաձայնելու մտադրություն ունեցողների միջավայրում՝ որպես «զանգվածային անկարգություններ հրահրելու» մտադրության կրողների, ովքեր «խայտառակում են ռեսպուբլիկան»:
Վարդուհի, օգտատեր
Ռեժիմը հանեց իր կեղծ ժողովրդավարության դիմակը և ի ցույց դրեց իր գայլային ժանիքները, առանց հիմնավոր պատճառի խուզարկությունները և ձերբակալությունները փաստում են հոգեվարքի մեջ գտնվող ապազգային իշխանությունների վախի ահագնության հասնող չափը իրական ազգային Ոժդերից, ինչքան բռնությունները մեծացնեք, այնքան ձեր վախճանը կմոտենա:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Հայաստանը մի երկիր է, որտեղ Արցախն ազատագրած Ժիրայր Սեֆիլյանն ու Պավլիկ Մանուկյանը բանտում են, իսկ պատերազմի ժամանակ կեղծ կոնյակ գյուղում քաշող Հովիկ Աբրահամյանը` վարչապետ է: Որտեղ ոստիկաններին խաղալիք զենք ցույց տվող Տիգրան Կյուրեղյանը բանտարկված է, իսկ ազատամարտիկին ծեծելով սպանող տականքը` ազատության մեջ է: Որտեղ անզեն փողոց դուրս եկած Շանթն ու նրա ընկերները ճաղերի ետևում են, իսկ մարտի 1-ին տասը մարդ սպանողները իշխանական աթոռներում են: Հայաստանը մի երկիր է, որտեղ Եղեռնի հարյուրամյակին երկրորդ ցեղասպանություն են իրականացնում:
Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր
Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է և դատապարտելի:
Այցելեցի Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին և Պավել Մանուկյանին: Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում: Եʹվ Պավել Մանուկյանը, ևʹ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի և տրամադրված են վճռական:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր