28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։
Եվրոմիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։
Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս բանաձևի ընդունմամբ` Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին: