ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Որքանով է հավանական Վարդան Մինասյանի վերադարձն ազգային հավաքական. քննարկում են մասնագետներն ու ֆուտբոլասերները
17.04.2015
Ալբանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարականով հանդես եկավ: Երեկ պարզ դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից հեռացվել է նաև նախկինում Հայաստանի հավաքականի, իսկ վերջին շրջանում՝ Ղազախստանի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Լուրի՝ «Տոբոլ»-ի կողմից պաշտոնական հաստատումից հետո սկսեցին շրջանառվել լուրեր, որ Վարդան Մինասյանը կրկին կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: Որքանով է այն մոտ իրականությանը և ինչ դրական և բացասական կողմեր կունենա՝ ներկայացնում ենք ստորև:
Սենիկ Կարա-Պողոսյան, ֆուտբոլային մեկնաբան
Այն, որ «Տոբոլ»-ում Վարդան Մինասյանից որոշել էին հրաժարվել, դեռ շաբաթներ առաջ էր պարզ: Այնպես, ինչպես այն, որ Բեռնար Շալանդն ալբանների հետ խաղում վերջին անգամ էր գլխավորելու մեր հավաքականը: Այս ամենից ելնելով՝ Մինասյանի՝ հավաքական վերադառնալու շուրջ զրույցներն արդի դարձան դեռ օրեր առաջ: Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում հայ մասնագետի և մեր ընտրանու հերթական միավորումը երկկողմանի շահեկան կարող է լինել: Վարդան Մինասյանից լավ մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի հնարավորությունները ոչ ոք չգիտի: Միայն Մինասյանը կկարողանա ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտագործել «ԵՎՐՈ-2016»-ի հավանական ուղեգիր նվաճելու մեր չնչին հնարավորությունները: Կարծում եմ նաև՝ Մինասյանի շահերից է բխում հավաքական վերդառնալը: «Տոբոլ»-ից հետո հայ մասնագետի մասին արտերկրում, հնարավոր է, արագ մոռանան: Միայն հավաքականում գրանցած հերթական հաջող ցուցանիշները կստիպեն ռուսական և արևմտաեվրոպական մարզչական շուկային՝ հետաքրքրվել Վարդան Մինասյան-մարզչով: Վերադառնալու հավանականությունը` 90%:
Ալեքս Ենոքյան, մարզական մեկնաբան
Ոչինչ չի կարելի բացառել: Բայց ըստ իս, այս շրջանում քիչ հավանական է, որ Մինասյանը կգլխավորի նման ծանր կացության մեջ գտնվող Հայաստանի հավաքականը: Մյուս կողմից էլ, կա հավանականություն, որ Մինասյանի գալով խաղացողները կստանան հին ու նոր շունչ, որը նրանց վրա դրական կանրադառնա: Մինասյանի նշանակման դրական կողմն այն է, որ նա հիանալի գիտի այս հավաքականը և արագ կարող է հասկանալ այստեղ ծագած խնդիրները: Սակայն բացասականն այն է, որ հավաքականի ոչ բոլոր խնդիրներն են մարզչական, և այս պարագայում Վարդանը կարող է կրկին քննադատության թիրախ դառնալ: Ինչպես սկզբում ասացի, ոչինչ բացառված չէ։
Մենուա Մեհրաբյան, մարզական մեկնաբան
Վարդան Մինասյանի վերանշանակման հավանականության մասին ասեմ, որ այս կյանքում, առհասարակ, ոչինչ բացառել պետք չէ: Նշեմ նաև, միաժամանակ, որ հավաքականի գլխավոր մարզչին նշանակելը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նախագահի գործառույթն է: Եթե նպատակահարմար կգտնեն Վարդան Մինասյանի թեկնածությունը, ապա դա կնշանակի, որ նրան վստահում են: Ինչ վերաբերում է բացասական և դրական կողմերին, ապա պետք է ասեմ, որ դրական կողմը միայն այն է, թերևս, որ Մինասյանը հայ է, մեր մտածելակերպին ավելի մոտ, մեր ֆուտբոլիստներին ավելի քաջատեղյակ: Ցավոք, միանման մտածելակերպը մարզչական աշխատանքի հիմքում դնելն ընդունված է միայն Հայաստանում, թերևս: Խոսքը հավաքականի գլխավոր մարզիչների մասին է: Բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ երկրի հավաքական գլխավորել է այլազգի մասնագետ, ով փայլուն հաջողությունների է հասել տվյալ հավաքականի հետ: Այնպես որ, չեմ կարծում, թե բացառապես հայ մասնագետ հրավիրելը միանշանակ օգտակար կլինի: Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են և պարտավոր են աշխատել և խաղալ ցանկացած մարզչի գլխավորությամբ: Մեր փորձը ցույց է տվել, որ մշտապես Հայաստանի հավաքականը գլխավորել են կամ բացառապես անհայտ, կամ միջին կարգի օտարազգի մասնագետներ: Իմ խորին համոզմամբ՝ եթե ցանկանում ենք հաղթանակներ ունենալ, հաջողություններ ունենալ, ապա պետք է գումարները չխնայել՝ անվանի և փորձառու մասնագետ հրավիրելու համար: Մինասյանի ժամանակ հաջողություններ ունեցել ենք, բայց անձամբ ես, դա կապում եմ ավելի շատ ֆուտբոլիստների կողմից Մինասյանին հարգելու հետ: Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ ինչպես Բեռնար Շալանդի, այնպես էլ Մինասյանի ժամանակ, մեր հավաքականի խաղերի ընթացքում ինքս որևէ մարտավարական փոփոխություն չեմ նկատել: Մարզչի ամենահրաշալի կարողություններից մեկն էլ, հաշվի առնելով մյուս կարևոր հատկանիշները, հենց խաղի ընթացքում՝ ելնելով հանդիպման ընթացքից և մրցակցի խաղից, մարտավարական անակնկալ փոփոխություններն ու քայլերն են: Սրանով է նաև մարզիչն ուժեղ: Մեծ առումով, բացասական կողմ չեմ տեսնում, եթե նշանակվի Վարդան Մինասյանը: Այլ հարց է, թե որքա՞ն ժամանակով կնշանակվի: Վերջերս լուրեր էին շրջանառվում, իբր հրավիրվելու է Վալերի Կարպինը, ով մեր ընտրանին կգլխավորի մինչև ընտրական ընթացիկ փուլի ավարտը: Նման մոտեցումը սխալ կլինի: Մեզ հիմա անհրաժեշտ է մարզիչ, ով կօգտագործի ընտրական փուլի մնացած խաղերը՝ միաժամանակ թիմին և իրեն նախապատրաստելով ընտրական հաջորդ փուլի համար: Բայց կրկնեմ, հավաքականի գլխավոր մարզչին նշանակելու գործառույթը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահինն է:
Արամ Մանուկյան, մարզական մեկնաբան
«Տոբոլը» Վարդան Մինասյանի համար նոր մարտահրավեր էր, նա ինքն էլ ցանկանում էր իր իսկ կատարելագործման համար աշխատել նոր ակումբում: Ցավոք, Մինասյանը չկարողացավ արդարացնել սպասելիքները և ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Բայց թերևս չկա չարիք առանց բարիքի, կարծում եմ՝ այս պարագայում Մինասյանը իսկապես պետք է մեր հավաքականին և գոնե մինչև մրցաշրջանի ավարտը նա ամենահավանական թեկնածուն է: Չնայած մենք շատ ենք քննադատել նրան, բայց այս պահին չկա որևէ մեկն, ով ավելի լավ կիմանա մեր հավաքականին: Մինասյանն առանձին-առանձին շատ լավ ճանաչում է ցանկացած ֆուտբոլիստի, գիտի նրանց թույլ և ուժեղ կողմերը: Չմոռանանք, որ մեր հավաքականը Մինասյանի օրոք է գրանցել ամենալավ արդյունքը, այնպես որ, ըստ իս, Մինասյանն այս պահի դրությամբ մեր ընտրանու ամենահարմար թեկնածուն է:
Ռաֆայել Խալաթյան, մարզական լրագրող
Կարծում եմ` ինքը` Մինասյանը, դժվար թե ուզենա վերադառնալ այս պահին, քանի որ հեռանալիս նա հստակ հասկացրեց, որ ցանկանում է մի քանի տարի ակումբային ֆուտբոլում աշխատել: Միևնույն ժամանակ չեմ բացառում տարբերակը, որ, հնարավոր է, համապատասխան թեկնածու չգտնելու դեպքում, ՀՖՖ-ն կրկին դիմի Մինասյանին` խնդրանքով, որպեսզի նա ավարտին հասցնի ընթացիկ մրցափուլը: Նման օրինակ արդեն ունեցել ենք, երբ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում հավաքականը դեռ չուներ նոր գլխավոր մարզիչ (ավելի ճիշտ` խաղից ընդամենը ժամեր առաջ էր նշանակվել նորը), ու թիմը Ռուսաստանում ղեկավարեց հենց Մինասյանը: Ինչ վերաբերում է դրական ու բացասական կողմերին, ապա դրականն այն է, որ Մինասյանը կարիք չունի հավաքականի կարողություններին ծանոթանալու, ու կարող է միանգամից անցնել բուն պարտականությունների կատարմանը: Սակայն, գոյություն ունի ասացվածք. «Երկու անգամ նույն գետը չեն մտնում»: Չեմ կարծում, որ այս պահին Մինասյանն ունի անհրաժեշտ փորձ հավաքականի առջև դրված խնդիրները լուծելու համար: Կարծում եմ` նրա՝ դեռ մի քանի տարի ակումբային ֆուտբոլում աշխատելու որոշումը ճիշտ է, ու նա պետք է շարունակի մարզչական փորձ հավաքել` լինելով անընդհատ աշխատանքային գործընթացի մեջ:
Հարություն Մինասյան, մարզական մեկնաբան
Հավանականությունը մեծ է, հաշվի առնելով, որ ՀՖՖ նախագահն ինքը մի քանի անգամ նշել է, որ Վարդան Մինասյանին անձամբ է խնդրել, որ չհեռանա հավաքականից: Թերևս այս տեսանկյունից հնարավոր է: Տարակարծություններ կան, թե´ ԶԼՄ ներկայացուցիչների, թե´ երկրպագուների մեջ, որոնք դեռևս ոչ վաղ անցյալում պահանջում էին Մինասյանի հրաժարականը: Բայց կան երկրորդ կարծիքի մարդիկ, որոնք ցանկանում էին, որ մարզիչը շարունակեր աշխատել: Լավատեսության պակասը զգացնել էր տալիս շատերի մոտ, որն էլ հիմնականում պատճառ հանդիսացավ Մինասյանի երկրորդ հրաժարականին: Այդուամենայնիվ, չեմ կարող չխոսել փաստերից: Վարդան Մինասյանի օրոք մեր ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ վերելք ապրեց, մենք հնարավորություն ունեինք, գուցե չնչին, դուրս գալու 2012-ին Եվրոպայի առաջնության և 2014-ին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Մեզ մի փոքր էր միայն մնացել: Մենք նույնիսկ մտածում էին ավելի բարձր զամբյուղ բարձրանալու մասին:
Սա անցյալ է: Բայց հավաքականին պետք է հավաքականի կողմից սիրված և հարգված մասնագետ: Թիմի բնավորությանը ծանոթ, հայկական մենթալիտետին ու խառնվածքին ծանոթ մարդ: Մարդ ում հետ հրաշքներ են գործել և հավատացել են հրաշքին: Մենք ունենք այն ներուժը, որ մեզ հետ հաշվի նստեն ցանկացած առաջնակարգ թիմ: Բացասական հետևանքների մասին չեմ կարող դատել, սակայն կխոսեն բացասականը, նրանք միշտ էլ եղել են ու կմնան, նրանք տեղ չունեն հայկական ֆուտբոլում, երկրպագուների կամ ԶԼՄ-ների շարքում… Անտեսել է պետք, առողջ քննադատություն է պետք, այլ ոչ թե՝ վարկաբեկել ու վիրավորել մարդկանց: Պետք է քննադատություն, որը կարող է օգնել, այլ ոչ թե վնասել: Թերևս սա իմ անձնական կարծիքն է:
Մաթոս Աբգարյան, օգտատեր
Ոչ, ինքը հեռացել էր նույն թիմից՝ համարելով, որ ինքն արդեն սպառվել է, նույն թիմ չի գա, եթե իհարկե, ինքն իրեն չհակասի:
Ալբերտ Գևորգյան, օգտատեր
Ասենք հաստատ իրա՝ «Տոբոլ»-ից հեռանալու ու մեր հավաքականի մարզչի թափուր պաշտոնի մեջ զուգադիպություն կա, ու ինձ թվում ա, որ հիմա ինքն ա լինելու, կարող ա ընտրական փուլի ավարտից հետո ուրիշը գա, բայց հիմա ուրիշ հավանական թեկնածու ես որ չեմ տեսնում:
Մանուկ Պետրոսյան, օգտատեր
Իհարկե... ոչ։ Ասեմ՝ ինչու։ Նախ, եթե ինքը դժգոհելով ա մեր հավաքականից գնացել, չի գա։ Էդ մեկ։ Հետո Հայրապետյանը անձամբ չի թողնի՝ Մինասյանը գա, որովհետև իրան ձեռ ա տալի Հովսեփյանի գալը։ Ինքը «Փյունիկ»-ի ֆան ա, պարզ ա «Փյունիկ»-ի մարզչին պիտի բերի։
Հետո էլի պատճառ կա, բայց չեմ բարձրաձայնի:
Ալբերտ Նաջարյան, օգտատեր
Չէ չի կարա տենց բան լինի, էդ բացառված ա: Մինասյանը ինչ կարացել, արել ա էս հավաքականի հետ... Ինքը չի գա մի թիմ, որտեղ ավելին էլ չունի տալու, չէ իրա գալը բացառված ա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր