Արդարադատության նոր նախարար տիկին Արփինեի մեր չիմացած լավ ու վատ որակները քննարկելու փոխարեն հարկավոր է, կարծում եմ, ուղիղ հարցեր հասցեագրել իրեն և սպասել իր պատասխաններին, օրինակ` «Նաիրիտ»-ի շուրջ բացահայտված հրապարակային ներկայացված քրեական գործերի, նախկին վարչապետի անվանն առնչվող օֆշորային բացահայտումների, գազի ու ջրի խողովակաշարի քարտեզները խառնած անօրինական (փաստացի և իրավական, երբ կա քաղաքապետարանի արդեն իսկ անօրինական թույլտվությունը) կառույցների, «պետական կարիքների» անվան տակ դուրս նետված քաղաքացիների դատական գործերի հանդեպ ՀՀ դատարանների անօրինական վճիռների, այդ վճիռների հետևանքով Եվրոդատարանի նոր վճիռներով մեր` հարկատուներիս հաշվին վճարվող տուգանքների, բանկերի վաշխառուական տոկոսներով տրվող իբրև թե բիզնես վարկերի, ՀԷՑ-ի` Հայաստանի բնակչության համար կասկած չհարուցող անհիմն գնաթանկացան և այլն: Եթե հարցերից խուսափելով պատասխանի, որ ինքը նոր պիտի ծանոթանա այդ գործերին և առայժմ դիրքորոշում չունի, արդեն իսկ խնդրահարույց է: Այդ գործերի շուրջ քննարկումները եղել են իր պատգամավորության ընթացքում և եթե այդ ընթացքում ինքը բավարար հետաքրքրություն չի ցուցաբերել արդարադատության հետ ուղղակիորեն առնչվող խնդիրների նկատմամբ և տեղյակ չի դրանց մանրամասներին` կասկածելի է նրա աշխատանքի դրական արդյունավետությունը: Որպես պատգամավոր նա քվեարկել է Ռուսաստանից ֆիքսված գնով գազի մոնոպոլ մատակարարման պայմանագրի օգտին, որով Հայաստանը ճորտային կախման մեջ է ընկել. այսօր Ռուսաստանը այդ գնով գազ միայն Հայաստանին է վաճառում: Ինչպես է գնահատում իր քվեարկության հետևանքները: