ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Ժամանակակից տեխնոլոգիաները երբեք չեն կարող փոխարինել գրքի էջերը թերթելու հաճույքին». գրադարանների կարևորությանն անդրադառնում են ոլորտի ներկայացուցիչները
13.10.2015
Թեև շատերին թվում է, որ վերջին տարիներին` ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ գրադարանները ետին պլան են մղվել ու սպառել իրենց, բայց ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում գրականության ոլորտի ներկայացուցիչներից շատերը չեն կիսում այդ կարծիքը: Նրանք վստահ են, որ որքան էլ թղթին փոխարինի էկեկտրոնային միջոցը, գրադարանը երբեք չի հնանա, և կմնա այն միակ վայրը, որտեղ կարելի է առանձնանալ գրքի հետ:
Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ, գրաքննադատ
Անկախ հաճախումների թվից՝ գրադարանները չեն կարող սպառել իրենց, որովհետև գրադարանն այժմ սոսկ մի վայր չէ, որտեղ շատ գրքեր կան: Գրադարանը գրքի հետ առանձնանալու, աշխատելու ամենայուրահատուկ վայրն է, որ երբեք իր նշանակությունը չի կորցնի: Այո, գրադարանների այցելուների թիվն իսկապես քիչ չէ, չգիտեմ, որքան է ավելացել, բայց իրոք քիչ չէ: Բայց հարցն այն է, որ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում ուսումնական գրականություն կարդացողները, թեպետ այլ գրքեր կարդացողներ էլ կան: Ես ինքս ժամանակի բերումով հաճախ չեմ լինում գրադարանում: Վերջին անգամ եղել եմ ամռանը, երբ Թաթուլ Հուրյանի հատորյակն էի կազմում հրատարակության համար: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ տանն ունեմ շատ լավ գրադարան, բացի այդ, այսօր նույն Ազգային գրադարանը, մամուլն ու բազմահազար գրքեր արդեն թվայնացվել են և դրանցից շատ հանգիստ կարելի է օգտվել համացանցի միջոցով: Այնուամենայնիվ, կարոտում եմ գրադարանում աշխատելը, որովհետև այնտեղ բոլորը կարդում են և ավելորդ ոչ մի բան չի խանգարում աշխատել: Գրադարանում արդյունավետ է շատ:
Հռիփսիմե Սարգսյան, ասմունքող
Շատերը կարծում են, որ գրադարանները հնացել են, քանի, որ թղթին փոխարինել է էլեկտրոնային աշխարհը: Ոչ միայն ինձ, այլև շատերի համար էլեկտրոնային գրքերը չեն կարող փոխարինել գրքի էջերը թերթելու հաճույքին: Պատկերացրեք՝ գնում եք ցուցահանդես կամ դիտում եք դրանց նկարները համացանցում: Նո՞ւյնն է... Տանն ունեմ մեծ գրադարան, իսկ, եթե ինձ որևէ գրականություն է պետք, գնում եմ, քանի, որ սեր չունեմ գրադարանի գրիքը և առհասարակ գիրքը հետ վերադարձնելու հետ: Գրադարաններում ելույթների ժամանակ մեծ հոսք եմ նկատում ևʹ երիտասարդության կողմից ևʹ մտավորականության, որը շատ ուրախալի փաստ է: Սերունդը դեռ սիրում է կարդալ:
Անահիտ Հակոբյան, գրող, արձակագիր
Միանշանակ ու կտրուկ ասում եմ՝ ոչ, գրադարանները երբեք չեն կարող իրենց սպառել, քանի որ որքան էլ տեխնոլոգիան զարգանա ու առցանց գրքերի բազան մեծանա, գրադարանը ունի իր անելիքը: Անձամբ ես, լինելով նոր սերնդի ներկայացուցիչ, միևնույն է, երբեք չեմ փոխի գրադարանը առցանց ընթերցանության հետ: Ներկա պահին սովորում եմ Ամերիկյան համալսարանում, որտեղ ողջ գրականությունը տրամադրվում է online տարբերակով, բայց ես ամեն ազատ պահի ու հատկապես դասերի ավարտից հետո ամեն օր գնում եմ գրադարան ու կարդում հենց գրքերից: Իսկ բուհից դուրս վերջին անգամ եղել եմ Ավ. Իսահակյանի գրադարանում մեկ ամիս առաջ, ու վերցրել եմ Չառլի Չապլինի Ինքնակենսագրությունը:
Զոհրապ Եգանյան, օգտատեր
Գրադարաններն իրենց սպառել չեն կարող, ուղղակի մեզանում դրանք մրցունակ չեն, քանզի մեծագույն մասը հագեցած չէ ժամանակակից IT տեխնոլոգիաներով ու այլ պայմաններով։ Եթե գրադարաններն իրենց սպառած լինեին, ապա ավելի լայն համացանցային ծածկույթ ունեցող երկրներում դրանք այլևս չէին լինի, բայց կան ու զարգանում են։ Ահա այստեղ է, որ մենք շատ անելիք ունենք։ Անձամբ վերջին անգամ գրադարան այցելել եմ բանակում ծառայելու տարիներին, երևի 2007-ին էր, իհարկե վատ ցուցանիշ է, բայց ուղղելի է:
Անահիտ Քեհեյան, Ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ
Հասարակության շրջանում կարծիք կա, որ ընթերցողների թիվը քիչ է, որ երիտասարդները գիրք չեն կարդում, բայց չեմ կիսում այդ կարծիքը: Ունենք բավականին մեծ թվով ընթերցողներ, մոտ 15 հազար ընթեցող` ուսանողներ, և 10 հազարից ավելի գիտաշխատողներ, տարբեր բնագավառի մասնագետներ, դասախոսներ և այլն:
Ներկայում ընթերցողների թիվը բավականին աճել է, քանի որ սպասարկումն ավելի հարմարավետ է դարձել: Նաև համակարգչային սպասարկում ունենք: Այսօր համակարգիչների միջոցով սպասարկումը դարձել է բավական արագ: Սպասարկման ոլորտում ուշացումների հետ կապված խոչընդոտները կարողացել ենք վերացնել: Այդ բոլորը նպաստում են, որ մեր ընթերցողները կարողանան հաճույքով գալ գրադարան: Երիտասարդները ևʹ գրքից ևʹ համակարգչային տարբերակից հավասարապես օգտվում են:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր