ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը 4 ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ լայն արձագանք է ստացել համացանցում` ինչպես ձևաչափի, այնպես էլ բովանդակության առումով: Քննարկվում է վարչապետի հատկապես այն հայտարարությունը, ըստ որի` «այսուհետ յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան` առանց որևէ պրոբլեմի»:
Վարչապետի ասածն ուրիշ բանի վերածեցին: Սարքել ենք ծաղրածու, չենք ուզում ոչ մի բանով օգնենք, մենակ քննադատում ենք: Գտնում եմ, որ դա սխալ ա, վարչապետը նոր սկսել ա աշխատել: Նա որևէ կուսակցության անդամ չի եղել, ընդամենը խելացի, բարի մարդ ա: Մենք պիտի թև ու թիկունք լինենք, որ իրա գործերը ստացվեն: Եթե պիտի խանգարենք, ավելի լավ ա` չխառնվենք:
Ես չեմ վերցնի հեռախոսը, ասի` «արա, Շմայսն ա, էս հարցը լուծի»: Ես ինչ հնարավորություն ունեմ, օրենքին համապատասխան ապրում եմ, դա արդեն աջակցություն ա:
«Արագգ» ՍՊԸ տնօրեն Արարատ Թումանյանն ահազանգում է, որ տարիներ շարունակ կարողացել է դիզելային վառելիքի որոշակի խմբաքանակ ներկրել Հայաստան, նույնիսկ հասցնել Արցախ, սակայն այս տարի արհեստական խոչընդոտներ են ստեղծվել և թույլ չեն տալիս նախկինի պես դիզելը ներկրել: Նրա պատմելով` չափանիշները փոխվել են էնպես, որ փաստացի ստացվում է` ՀՀ կարող են ներկրել միայն ՌԴ-ում արտադրված դիզվառելիք: Կարծում եմ` սա հակասում է վարչապետի վերջին հայտարարությանն, ու ԱԺ-ն պետք է պարզաբանում պահանջի:
Մենք հեգնում, չենք հավատում, կատակում ենք վարչապետի ասածի վրա.... Երևի դրա իրավունքն ունենք... Իշխանությունն իր գործողություններով դրա իրավունքը տվել է ժողովրդին, սակայն, լացելու բան է: Պատկերացնո՞ւմ եք` վարչապետն ի լուր աշխարհի ասում է. «Այսօրվանից յուրաքանչյուր մարդ կարող է ներկրել այն, ինչ կցանկանա և եթե հարցեր կլինեն, թող զանգի ինձ»... Այսինքն ինքն էլ գիտի, որ մինչ երեկ դա հնարավոր չէր ու դեռ կարող են պրոբլեմներ առաջանալ ու կարիք լինի այդպիսի հարցով զանգել երկրի վարչապետին... Այսինքն մինչ երեկ, հիմնականում, խախտվել են երկրի օրենքները, որոշակի մարդիկ քրեորեն պատժելի արարքներ են թույլ տրվել.... Ու սա ասում է հանգիստ, ի լուր աշխարհի... Ու ոչ մի խոսք պատասխանատվության մասին... Դե իհարկե, Սերժ Սարգսյանը ասեց չէ՞` ետ չենք նայելու, ով թալանել է, թալանել է...
Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար, բոլոր պետություններում էլ այդպես է, բայց մենաշնորհը պետք է իրական լինի և ոչ թե այստեղ-այնտեղ ինչ-որ մի բան անելով դարձնել մենաշնորհ: Իհարկե, խնդիրներ կան պետության մեջ, ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է լինեն և դա միայն Հայաստանում չի, այստեղ խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ խնդիրը նա է, որ այդ մենաշնորհները ճիշտ առաջանան: