Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց՝ 1։4 հաշվով։ Խաղից հետո համացանցում բուռն քննարկումներ էին ծավալվել պարտության վերաբերյալ։ Օգտատերերից շատերը պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ նշելով, որ հավաքականի ձախողման պատճառը նա է։ Քննադատում են նաև Արթուր Պետրոսյանին, Հենրիխ Մխիթարյանին և մյուս ֆուտբոլիստներին։
Կարիք չկա Մխիթարյանին ուղղված քննադատությունները սվիններով ընդունել: Նույնիսկ Մեսսիի և Ռոնալդուի նման ֆուտբոլային «աստվածներն» են արժանանում քննադատության, երբեմն շատ ավելի խիստ, երբեմն նույնիսկ կոշտ ու վիրավորական քննադատության են արժանանում: Շատ լեգենդար ֆուտբոլիստներ կան, որոնք ազգային հավաքականներում խաղում են գրեթե միայնակ, թեկուզ մեծ արդյունքների չեն հասնում, բայց մարդիկ խաղում են, վազում են, մտածում են, պահեր են ստեղծում: Ամենաթարմ օրինակը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում Մխիթարյանի խաղընկերը՝ Մարկուս Ռեշվորդն, ով նաև Անգլիայի հավաքականի խաղացող է, երեկ Անգլիա-Սլովակիա հանդիպման հերոսներից մեկն էր։ Խաղում էր նվիրված, ճիշտ, առանց վախենալու և շքեղ գոլի հեղինակ դարձավ։ Նույնը կարող ենք ասել նաև Գարեթ Բեյլի մասին, Ուելսի հավաքականը ճիշտ է մեզանից բարձր կարգ ունի, բայց նույնպես եսիմ ինչ խաղացողներով հագեցած չէ, բայց Բեյլը կոտորում է իրեն, էդ մարդու մոտ ցանկություն կա խաղաղալու, հաղթելու: Գուցե Մխիթարյանի վատ խաղի պատճառը Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների վերաբերմունքն է, կամ իր խաղընկերների ցածր մակարդակը, կամ ընդհանրապես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կապրիզները, բայց քանի դեռ Մխիթարյանը չի խոսել պատճառների մասին, ուրեմն թող պատրաստ լինի լսել նաև քննադատություններ: Անկախ քննադատություններից Մխիթարյանն էլի կունենա իր երկրպագուների բանակը, ես և շատ շատերը էլի կերկպագենք հայկական ֆուտբոլի գերաստղին, էլի կոգևորվենք իր հաջողություններով և կափսոսանք իր անհաջողությունների համար: