ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Վարչապետի խոստացած ներդրումները փուչ դուրս եկան, նրա ժամանակ նոր թանկացումներ են եղել». հասարակությունը` սպասվող թանկացումների մասին
06.11.2017

Ինչպես հայտնի է, եկող տարվանից թանկացումների նոր ալիք է սպասվում: Թանկացող ապրանքների ցուցակում են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը: Խոսակցություններ կան, որ հնարավոր է, հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման գինը դառնա 200 դրամ: Գործող ու սպասվող թանկացումների մասին հասարակությունը հայտնում է իր մտահոգությունը, շատերը կարծում են, որ հանրությունը նման թանկացման պատրաստ չէ, մի մասն էլ գտնում է, որ ժողովուրդն այս թանկացման էլ կդիմանա:

«Ժամանակ» օրաթերթ

«Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ: Բարձրանալու է բենզնից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար:
Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է՝ քսայուղերից հարկվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանցձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018-ի հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021ին՝ 110 տոկոս:
Նույն ձևով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի թանկացում:

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Ես կարծում եմ` կարելի է տեղավորվել ներկայիս սակագնային համակարգում և այն դրամային շրջանառությունը, որ կա այսօր երթուղայիններում, կարող է բավականացնել, որպեսզի Երևանի տրանսպորտային համակարգը լավագույնս աշխատի:
Հանրությունը նման թանկացման պատրաստ չէ: Մեր կողմից պահանջն այն է, որ նոր համակարգը, ընդհանուր առմամբ, լինի այնպիսին, որ մեկ ամսվա կտրվածքով մեկ ուղևորի համար երթուղայինի գինը լինի 100 դրամ: Ինչո՞ւ, որովհետև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տեղփոխեր են լինելու և քաղաքացին մի քանի երթուղայիններից է օգտվելու: «Ելք»-ն առաջարկել է, որ լինի ֆիքսված տոմսի արժեք` անկախ ուղղությունից և հեռավորությունից, որի արժեքը լինի 100 դրամ և որն իր մեջ ներառի որոշակի ժամանակահատված տեղփոխն ապահովելու համար:

Գագիկ Մակարյան, տնտեսագետ

2018 թվականին գնաճն անխուսափելի է, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ և այդ ընտանիքի ցուցանիշներին պետք է մոտեցնի իր հարկերի չափը: Թանկացումները կշարունակվեն, որովհետև արդեն տարվա վերջ է՝ նոր տարի, դա էլ իր հերթին կգումարվի:
Դիզվառելիքի շուկան ևս չի շրջանցի: Բարձրանալու է բենզինից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր մեկ տոննայի համար գործող 25000 դրամի փոխարեն դառնալով 40000: Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է քսայուղերից հարկվող ակցիզային հարկը:
Գների թռիչքն այսքանով չի սահմանափակվելու: Հայաստանում զբոսաշրջության զարգացման խթանումը ևս գնաճի առիթ է դառնում:
Խանութների, հյուրանոցների, հյուրատների պահանջարկն ավելանում է, ինչը գնային փոփոխությունների է բերում: Բացի տեխնիկական սարքավորումներից, մնացած ապրանքների և ծառայությունների գները կբարձրանան՝ հուշանվերներ, վարձակալվող մեքենաներ և զբոսաշրջիկների հետ առնչվող մյուս ապրանքները:
Սպասվող թանկացումներում չի բացառում նաև սպեկուլյատիվ տարրերը: Իսկ տեղական շուկայում այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել: Օրինակ՝ ակցիզային հարկն ավելացավ 5%, ներմուծողն ապրանքը կթանկացնի ոչ թե 5, այլ՝ 7–8%–ով:
Բայց ճիշտ կանոնակարգման արդյունքում կարելի է խուսափել այս ամենից: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն լավ կլինի արդեն նախապատրաստվի իրավիճակին, որպեսզի, երբ շուկայում հայտնվեն անբարեխիղճ մրցակիցներ, կարողանա կանխարգելել:

Թաթուլ Հակոբյան, լրագրող, վերլուծաբան

Կարեն Կարապետյանն ամիսներ առաջ Դիլիջանում գրեթե սպառնում էր մի տեղացի դառնացած մարդու՝ մեզ մի՛ վախեցրու, որ գնալու ես երկրից:
Կարապետյանի վարչապետ դառնալուց ի վեր Հայաստանից հեռացել է մոտ 20 հազար մարդ: Նրա խոստացած ներդրումները փուչ դուրս եկան, նրա ժամանակ նոր թանկացումներ են եղել:

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար
Նախօրոք կառավարությունը հայտարարել է, որ այս տարվա բյուջեն պիտի լինի իրատեսական և ռեալ: Չի նախատեսվում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում և հիմքեր են նախատեսվում մյուս տարիների բյուջեների համար: Կառավարությունը ձևավորվելու օրվանից այս մասին ասվել է:
Որոշ ապրանքատեսակների գնաճն ընդամենը մեկ տոկոս է կազմում: Ես նորից եմ կրկնում՝ թանկացման երևույթը չկա, ընդամենը մեկ տոկոսի թանկացում է: Պետք է համբերել և սպասել ապագային:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր