ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հանրությունը քննարկում է Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցը
09.10.2019

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը քննարկումների թեմա է դարձել համացանցում: «Փաշինյանն ուզում է վիժեցնել այն արգանդները, որոնք պետք է ծնեն ապագա հերոսներ», «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք (նկատի ունի Սասնա ծռերին-խմբ.), հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք», «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- ասել է նա:

Տիգրան Գրիգորյան, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ

Խորհուրդ ՀՀ իշխանություններին։ Էլ երբեք չարձագանքեք Բալասանյանի հայտարարություններին։ Նա իրեն շրջապատել է մարգինալներով և բռնել է մարգինալիզացիայի ուղին։ Այս բոլոր սկանդալային հայտարարությունների նպատակն ուշադրություն գրավելն է, ՀՀ իշխանություններին սադրելով, սեփական դերը բարձրացնելն է։ Սա, իհարկե, իր մարտավարությունը չէ, կողքից «օգնում են»։ Բայց 2020-ին ամեն ինչ իր տեղը կընկնի:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Բալասանյան Վիտալին իր կենսագրությունն էսօր ջնջեց ու նոր կենսագրություն որոշեց սկսել ահաբեկչական սպառնալիքով։ Թե ինչո՞ւ, դժվար է ասել։ Կգտնեն իրավապահներն այդ սպառնալիքներում հանցակազմ, թե՞ ոչ, շատերը հասկացան, որ այդ մարդն ընդունակ է զարհուրելի հանցագործությունների։


Ահա թե ինչ բացահայտումներ կարող է անել հեղափոխությունը:

Կարինե Հարությունյան, լրագրող

Վիտալի Բալասանյանը դեռ ազատության մե՞ջ է: Ղարաբաղի ԱԱԾ-ն ի՞նչ բանի է, Բակո Սահակյանը նայե՞լ է Բալասանյանի հարցազրույցը, ի՞նչ է մտածում, այն եղե՞լ է իր համաձայնությամբ:

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որում՝ անդրադառնլով ներհայաստանյան իրադարձություններին ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Տարբեր ձևակերպումներով փաթեթավորված այդ սպառնալիքներն իրականում հասնում են ընդհուպ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Սա Վիտալի Բալասանյանի կողմից արդեն որերորդ նման հրապարակային սպառնալինք է:


Նախորդ նման դեպքերից հետո համարժեք գնահատականի բացակայության պատճառով Բալասանյանն իրեն թույլ է տալիս կոպտագույն կերպով խառնվել Հայաստանի ներքին կյանքին ու որ ամենավտանգավորն է՝ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսել Հայաստանի լեգիտիմ իշխանության, նրա ղեկավարի հասցեին: Դժբախտաբար, դա տեղի է ունենում Արցախի գործող իշխանության լուռ համաձայնության և Հայաստանի ռևանշիստական ուժերի ակնհայտ ոգևորության ու քաջալերման պայմաններում:


Արցախի հերոսի պատվաբեր կոչումը որևէ մեկին, այդ թվում՝ Վիտալի Բալասնյանին իրավունք չի տալիս դուրս գալ քաղաքակրթության, բարոյականության ու ի վերջո օրենքի շրջանանկներից: Ճիշտ հակառակը՝ յուրաքանաչյուր նման հայտարարությամբ Բալասնայնանն արժեզրկում է իր կոչումը՝ դառնալով մանր քաղաքական խաղերի գործիք ու խաղալիք:


Ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հանրային ու մտավորական դեմքերը հստակ դիրքորոշում արտահայտեն այս հանցավոր գործելակերպի առթիվ ու առնվազն դատապարտեն Հայաստանի ներքին կյանքին միջամտելու և Հայաստանի ընտրված իշխանության հետ սպառանլիքի լեզվով խոսելու Վիտալի Բալասանյանի գործողությունները: Անթույլատրելի է նաև Արցախը հայաստանյան քաղաքական գործընթացներին մաս դրաձնելու ու արցախցի գործիչների միջոցով Հայաստանում մանր ու էժան քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձերը:


Անհրաժեշտ է հստակ սահմանազատում մտցնել հայաստանյան ու արցախյան ներքաղաքական գործընթացներում և որևէ կերպ թույլ չտալ այդ սահմանների հատումը:


Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է այդ սահմանագիծը: Նրան պետք է կանգնեցնել:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանն իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով:


Խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունն ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ:


Ավելին, նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաև այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած և Մարտի 1-ի գործով կարևոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանն սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց:


Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված, Վիտալի Բալասանյանը երեկ՝ 2019թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում, դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ:


Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված, իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:


Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ:

Արմեն Գրիգորյան, ՀՀ ԱԽ քարտուղար

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:


Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:


2016-ից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:


Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:


Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում:

Դավիթ Սանասարյան, ՊՎԾ պետ, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են

Քանի դեռ մենք խաղում ենք «Արցախն անկախ պետություն է» ամուլ մարտավարություն կամ ռազմավարությունը, բալասանյանները նման կերպ են իրենց պահելու, ու գնալով դրա նմանները սեպ են խրելու Հայստանի ու Արցախի ճաքած սրտի մեջ։


Նման բարբաջանքները դադարեցնելու ու անվտանգության սպառնալիքը վերացնելու համար պետք է օր առաջ Արցախը Հայաստանի մաս հռչակել. ինչքան ուշացնենք, էդքան դժվար է լինելու։ Բալասանյանը, ումով նախկինում հիացել եմ, միակը չէ, դավադրության ալիքը գնալով մեծանալու է։ Գիտեմ բարդ է, բայց վիրահատական միջամտությունն այլընտանք չունի, դանդաղ մահն այլընտրանք չի։

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Վիտալի Բալասանյանը, փաստորեն, համարելով ՀՀ-ն բռնազավթած Նիկոլ Փաշինյանի և նրան ղեկավարող ինչ-որ կենտրոնի կողմից, գտնում է, թե Արցախը դիմակայելու է ՀՀ իշխանությանը:


Սա բացառիկ վտանգավոր մտածելակերպ է, որի նպատակն է հանուն իշխանության հակադրելու Արցախն ու ՀՀ-ն, ու սա գեներալի խո՞սք է:

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրում, երբ որևէ մեկը հրապարակային հայտարարում է, որ ֆիզիկապես կոչնչացնի այդ երկիր ընտրված վարչապետին, իրավապահ մարմիններն ի՞նչ են անում։ Դատախազություն, ԱԱԾ, Ոստիկանություն, ո՞նց եք, ի՞նչ կա-չկա ուրիշ։ Ո՞ւր են «դատապարտող», «մտահոգ» հայտարարությունները, իրավապաշտպանների հայտարարությունները։ Կարո՞ղ ա սա էն ձեր իմացած խոսքի ազատությունն ա, խաբար չենք։ Իմանանք, էլի:

Հայկ Խանումյան, Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր

2005թ. հունիսին Արցախի ԱԺ նորընտիր ընդդիմադիր պատգամավոր Վիտալի Բալասանյանն առաջարկում էր Սերժ Սարգսյանին գրանցել Գինեսի գրքում, քանզի «ինչ ստեղծվել է մոլորակը՝ թերևս չի եղել պաշտպանության այնպիսի նախարար, որ հայտարարեր, թե կարող ենք տարածքներ զիջել»: Այսպես էր արձագանքել Արցախի հերոսը ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պարտվողական, հողատվական ելույթին:
1,5 տարի անց Բալասանյանը կրկին պետք է դառնար իշխանամետ, 2012-ին՝ կրկին ընդդիմադիր և նախագահական ընտրություններին հավաքեր Արցախի պատմության մեջ ընդդիմադիր թեկնածուի համար ամենաշատ ձայները (մոտ 33%), 2016թ. ապրիլից հետո հասներ ռեկորդային վարկանիշի, ապա իր ամբողջ վարկանիշը և ժողովրդի աջակցությունը վաճառեր՝ Գինեսի ռեկորդակիր Սերժ Սարգսյանի հետ մի սեղանի վրա գտնվելու հնարավորություն համար: Իրոք, ցավում և ափսոսում եմ մեր ընկերոջ համար և ավելի շատ տխրում այն հիասթափության համար, որ նա իր վարքագծով սփռել է ժողովրդի մեջ:

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս

Լսեցի Վիտալի Բալասանյանի խոսքը։ Այն ավելի շուտ սպառնալիք էր, քան՝ խոսք։ Որակումներն անթույլատրելի ու մերկապարանոց, չարությամբ համեմված։ Պարզ երևում է՝ առաջնորդվում է ատելությամբ։ Այս բնույթի, այս որակի, այս բառապաշարով ու սպառնալիքներով լի խոսակցությունը մերժելի ու դատապարտելի է։ Պարզ է արդեն, թե ինչ որակի պաշտոնյա պետք է եղած լիներ այս մտածողության տեր մարդը։ Ցավոք, նախկին իշխանավորների մեջ այս որակն է գերակշռել։ Դա էր գլխավոր պատճառը, որ տարիներ շարունակ այդ իշխանությունն անընդունելի էր։ Դա էր պատճառը, որ այդքան հուժկու ու մեկընդմիշտ մերժվեցին նրանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր