ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Վարդան Պետրոսյանի կալանքը` բուռն քննարկման թեմա
11.11.2013
Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարին զոհ գնացին 16 տարեկան երկու պատանիներ: Իրար բախված երկու ավտոմեքենաներից մեկի ղեկին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն էր, ով նույնպես մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել ու վիրահատվել: Չսպասելով նրա լիարժեք ապաքինմանը` ոստիկանությունը նրան ձերբակալեց, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ:
Վարդան Պետրոսյանի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյան
Քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել անձին ձերբակալելու մասին, եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում` նա գտնվում է այլ տեղանքում, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Վարդան Պետրոսյանը չի գտնվել այլ տեղանքում, իր գտնվելու վայրը հայտնի է եղել վարույթ իրականացնող մարմնին, հետևաբար, վարույթ իրականացնող մարմինը, գիտակցաբար կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` իմ կողմից նշված հոդվածի պահանջները, որոշում է ընդունել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Իսկ թե ինչու է նախաքննական մարմինը խախտել օրենքը, չեմ կարող ասել:
Վարդան Պետրոսյանն ինքնուրույն չի կարող շարժվել, ի՞նչ խոչընդոտելու մասին է խոսքը:

Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը եւ կզարմանաք, պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ
Վարդան Պետրոսյան, դերասան
Ամբողջ սրտով ցավակցում եմ այն փոքրիկների հարազատներին, ովքեր դարձան ողբերգական պատահարի զոհ: Իմ ամենաոխերիմ թշնամուն անգամ չեմ ցանկանա էն, ինչ տեղի ունեցավ նրանց հետ, Աստված հոգիները լուսավորի: Ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, ու ոչ մեկի մտքով թող չանցնի, որ ես մի որևէ զարտուղի ճանապարհով խուսափելու եմ պատասխանատվությունից:
Լևոն Մութաֆյան, թատերագետ
Այսօր ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ պատգարակով դատարանից հանեցին և մեկուսարան տարան բոլորիս...
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին...
Մտավորականությանը...
Արվեստագետներիս...
Բոլորիս հասկացրեցին, որ մենք ընդամենը այս մեծ ու անբարո կարուսելից կախված տիկնիկներ ենք, իշխանության մատներից կախված խամաճիկներ...
Երկրի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով իրենց սեփականությունը դարձած ոստիկանությունն ու դատարանը՝ հասկացրեցին բոլորիս, որ Մարտի 1-ը չի ավարտվել, որ այսօր էլ ահա այսպես, գեբելսյան «քաղաքակրթությամբ» կարող են բոլորիս ոչնչացնել՝ ցույց տալով իրենց ուժն ու ցինիզմը...
Լիսկայի մարդասպան ընտանիքին արդարացնող Զինվորական դատախազը երկրի Գլխավոր դատախազ դարձավ, փաստաբանին վաստակավոր փաստաբանի կոչում տվեցին...
Հավանաբար, վաղն Արամ Թամազյանին Հաղթանակի շքանշան կտան՝ մոռացության տալով նրա ձախավեր գործունեությունը Գլխավոր դատախազի պաշտոնում, Կոտայքի դատավորին նոր պաշտոն կտան, քննիչին Քննչականի պետ կդարձնեն...
Այսօր խրախճանք կլինի Արամ Թամազյանի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, այս անբարոյականության բոլոր բեմադրիչների տներում...
Ու ծափ կտան բոլորով, կհրճվեն, որ Պարույր Սևակի սպանության սցենարը նորովի կրկնեցին՝ իհարկե, որոշակի սխալներ թույլ տալով...
Վարդան Պետրոսյանը փշի նման մտել էր շատերի կոկորդը, Վարդան Պետրոսյանը ճշմարտությունն էր հնչեցնում բեմերից...
Այլանդակության դեմ հայելի պարզողին չեն ներում...
Բայց իշխանություններից ոմանք հաղթեցին մեզ՝ արվեստագետներիս, մտավորականներիս...
Նրանք ապացուցեին, որ մեզ կարող են բարոյապես սպանել, ոչնչացնել...
Ապացուցեցին, որ ցինիզմն է իրենց զենքը...
Ու այսքանից հետո մենք դարձյա՞լ պիտի լռենք...
Աղվան Վարդանյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ
«Տեղի է ունեցել ողբերգություն: Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը: Ավելին` նա նաև այն հանցագործը չէ, որին հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից:

Ընթանում է քննություն և եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ է, օրենքի սահմաններում կկրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ, անհասկանալի է:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես կգա նախաձեռնությամբ, կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը և քննությունը ընդանա նույն այդ ավտովթարի արդյունքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ»:
Նարեկ Դուրյան, ռեժիսոր
Անկասկած, ցավակցում եմ մահացած երիտասարդների հարազատներին, դա մի մեծ ողբերգություն է, բայց այդ ողբերգության մի մասն էլ, անկասկած, Վարդան Պետրոսյանն է կազմում: Ես համաձայն չեմ, ես Վարդանին շատ լավ իմանալով, նրա խելքը գլխին տղա լինելն իմանալով՝ ես չեմ կասկածում, որ Վարդանը երբեք իր պատասխանատվությունից կխուսափի: Եվ այս վիճակում տղային ձերբակալելու հետ համաձայն չեմ, Վարդանը չի փախչի, ես երաշխավորում եմ, որ իր պատասխանը կտա:

էդ տղան էդ վիճակում, կես լյարդով, առանց փայծաղի, և լիներ Վարդանը, թե մեկ ուրիշը, էլեմենտար մարդկային մոտեցման հարց է, որ իրեն տանեն բանտ... ես համոզված եմ, որ ինքը չէր փախչի: Նա այդ տղան չէ:
Արսեն Ջուլֆալակյան, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ
Վերջապես մենք գործ ունենք ոչ թե շարքային հանցագործի, այլ մեծանուն հայ դերասանի հետ: Եվ յուրաքանչյուրիս հետ հնարավոր է նման դժբախտ պատահար տեղի ունենա:
Բնականաբար, օտարին հեշտ է կողքից խոսել, բայց կրկին ու կրկին ցանկանում եմ ցավակցանքս հայտնել տուժածների ընտանիքներին: Աստված ձեզ համբերություն և ուժ տա՝ հաղթահարելու այս ծանր իրավիճակը:
Արմեն Դուլյան, լրագրող, մեկնաբան
Պարզապես ուզում եմ հասկանալ դատավորի տրամաբանությունը... Հիմա այս հինգից որ մեկը կարող էր անել Վարդան Պետրոսյանը՝ թաքնվե՞լ, խոչընդոտե՞լ գործի քննությանը, նոր հանցագործություն գործե՞լ, խուսափե՞լ պատասխանատվությունից, թե՞ խոչընդոտել դատավճռի կատարմանը...
Վահրամ Սահակյան, գրող, թատերագիր
Անիծեք, խեղեք ու դժբախտացրեք ձեր զավակներին: Տեսնելով Վարդան Պետրոսյանի` հապճեպ կերպով բանտարկելը, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ ուժեր նստած սպասում էին, երազում, որ մի բան լինի և ինչ-որ վրեժ հանեն:
Նիկոլ, օգտատեր
Ռուսներից պահանջում էինք մեր հայրենակցի հանդեպ հարգանք, բայց մեր հայրենիքում ինչ է կատարվում` խայտառակություն, մարդկային ոչ մի արժեք չի մնացել... Նման մարդուն` նման վերաբերմունք... Ամաչում եմ Վարդանի առաջ էդ անսիրտների փոխարեն...Ուղղակի ամոթ ու ցավ եմ ապրում, որ էսքան անշնորհք ազգ ենք...
Սարգիս, օգտատեր
Քննիչի կամ դատախազի համար Վարդանը նշանակություն չունի: Նա Կոստանյանի ընկերը կամ բարեկամը չի. ոչ էլ Լիսկա է...
Անահիտ Բարոյան, ֆեյսբուքյան օգտատեր
Վարդանին լռեցնելու պատճառներ շատ կային` մասնավորապես նրա բեմական գործունեության համար: Ուղակի առիթ չէին գտնում, առիթն էլ վթարի տեսքով նվեր ստացան: Սիրելիʹ վարդան, չընկճվեʹս, ժողովրդի մի ստվար բանակ հոգեպես քեզ հետ է:
Գարիկ Ղուկասյան, ԲՀԿ երիտասարդների միություն
Կարծում եմ, եթե Վարդան Պետրոսյանը նախկինում հաճոյացած լիներ գործող իշխանություններին, եթե սազը ձեռքին գովելուց լիներ, ապա ավելի քան վստահ եմ, որ Վարդան Պետրոսյանը անգամ ոստիկանության ստորաբաժանում չեր հրավիրվի...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր