Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնատիրության զոհերին։ Ցուցադրությունը, որը պետք է տևեր մինչև ուշ աշուն, Մշակույթի նախարարության հրահանգով 22 օր անց փակվել է:
Նախարարությունը, թեև պարզաբանել է ցուցահանդեսի փակման պատճառը, քաղաքական ուժերն ու հասարակությունը դատապարտում են տեղի ունեցածը:
Օրերս վարչական լծակների գործադրմամբ և սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ:
ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային գրաքննության նենգ դրսևորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ:
Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին և կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ:
ԵԼՔ դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որևէ գրաքննության: Մշակույթի նախարարությանը կոչ է անում իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա:
Իսկապես վրդովվեցուցիչ է, մանրամասներից տեղյակ չեմ, բայց ցուցահանդես փակելը նորմալ չէ: Մանավանդ, եթե 37-ի զոհերին է վերաբերում: Մշակույթի նախարարությունն ինքը պետք է քաջալերի, որ նման ցուցահանդեսներ լինեն, մենք մեր պատմությունը պետք է լավ ուսումնասիրենք:
Ամեն ինչ սպասելի էր, բայց որ մի օր Հայաստանում կարող է ձևավորվել ՀՅԴ+նեոբոլշևիկներ կոալիցիա՝ դա էր անսպասելին:
Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Ազատության» խնդրանքով պարզաբանելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշել է, թե այն «քաղաքականացված էր»: Եթե սույն տիկինը զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը համառորեն չի կարողանում ընկալել, որ այո, այդ կարգի ցուցահանդեսները պետք է հենց քաղաքականացված լինեն, ուրեմն այս պարագայում անգամ բժշկությունն ա անզոր:
Ախր ո՞նց չասես է՜, Նարինե Թուխիկյանն ուր, դուք՝ ուր, ազգային արժանապատվությունն ուր, դուք՝ ուր, Նարինեն մշակույթի նախարարության գործն է նաև անում, մեր ազգային ու մարդկային արժանապատվությունն է պաշտպանում, իսկ դո՞ւք ինչ եք անում:
Ցուցադրությունը տևել է 20-ից ավելի օր, մինչ այդ նախարարությունը, չնայած նրան, որ պայմանագրում չկար ոչինչ այդ մասին, բայց հաշվի առնելով, որ Թումանյանի ժառանգների ողբերգությունն է դա և 80-ամյակն է, տարելիցն է 1937-ի, թույլատրեց անցկացնել: Ինքը 22 օր բաց է եղել: Ավելի մանրամասն ծանոթանալուց հետո նպատակահարմար համարվեց, որպեսզի որոշակի շտկումներ կատարվեն:
Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի:
Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը:
Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները:
Ես մի բան չեմ հասկանում. ի՞նչ է նշանակում հասարակությանը պետք էր պատրաստել, նոր ցուցադրությունը կազմակերպել: Ինչ է՝ մենք նոր պիտի իմանայի՞նք, որ մարդկանց ոչնչացրել են: Կամ էլ այդ սպանությունները հրահանգողներն ու իրականացնողները վաղուց չկան, ինչի՞ց են վախենում: Ի՞նչ է թաքնված այս ամենի տակ, որ այսպես ոտուձեռ են ընկել: Ինձ թվում էր, որ գոնե այս փողոցների անվանափոխության շուրջ, կամ էլ 20-րդ դարի 17-37 թթ. ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարդկանց ոչնչացման հարցում տարակարծություն չպետք է լիներ... իսկապես անհասկանալի է: